Գլխավոր / Հայաստան / Հայ քահանան վստահ է, որ գուշակությունները Սատանայից են

Հայ քահանան վստահ է, որ գուշակությունները Սատանայից են

«Չգիտես ինչու` մեր ժողովրդի մեջ սնոտիապաշտությունն ավելանում է: Ենթադրելի է, որ հակառակը պիտի լիներ, քանի որ մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ զարկ է ապրում մարդկանց մոտ կյանքի վերելքը»: Նման կարծիք է այսօր հայտնել Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:

Նշենք, որ վերջինս մի փոքր ուշացավ ասուլիսին մեքենայի կայանատեղի փնտրելու պատճառով: Նա նաև կատակեց, որ որոշել է վաճառել իր մեքենան և մոտոցիկլետ գնել:

Քահանա Ղևոնդյանը նշեց, որ, ըստ բախտագուշակներին այցելողների, դա իրենց հնարավորություն է տալիս «ավելի լավ մտածել և ճիշտ որոշումներ կայացնել»:

«Դա այդպես չէ: Ցանկացած գուշակություն ընդունելի չէ Աստծո կողմից, որովհետև գուշակությունն ինքնին խաբեություն է: Չի կարելի մի բանի մասին խոսել, որը դեռևս չի եղել»: Քահանան նշել է, որ միայն Աստվածը գիտի, թե ինչ կարող է տեղի ունենալ մարդկանց հետ:

«Եղել են մարգարեություններ, որոնք վերաբերել են Հիսուս Քրիստոսի մարմնավորմանը, բայց սրանք գուշակություններ չէին, այլ իրական մարգարեություններ, որոնք տեղի ունեցան», – հավելել է քահանան` ընգծելով, որ ցանկացած տիպի գուշակություն Աստծուց չէ, «և եթե Աստծուց չէ, ապա, բնականաբար, հակառակորդից` Սատանայից է»:

Հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը, իր հերթին, նկատել է, որ սնոտիապաշտությունը պատմամշակութային երևույթ է: «Մեր գիտակցությունը դա ստեղծում է, որովհետև միշտ պաշտպանվածության կարիք ունի»,- ասել է հոգեբանը:

Նրա խոսքով` գուշակներ եղել են, բայց գուշակությունների մեջ հոգեբանը վտանգ է տեսնում. «Մարդը, կարծես թե, ծրագրավորում է և, եթե բախտագուշակը հեղինակություն է տվյալ անձի համար, սկսում է ապրել ակնկալիքով, թե ինչ կլինի, ոնց կլինի»:

Ըստ Ռուբեն Պողոսյանի` սնոտիությունը սրվում է հատկապես սոցիալ-տնտեսական և բնակլիմայական ցնցումների պայմաններում:

Tekali Taxi