Home / Հայաստան / Հունվարի 28-ը կարող է ճակատագրական լինել Եգիպտոսի հեղափոխության համար

Հունվարի 28-ը կարող է ճակատագրական լինել Եգիպտոսի հեղափոխության համար

Մինչ Եգիպտոսի ընդդիմությունը միավորվում է հակակառավարական ցույցերը շարունակելու համար, երկրի իշխանությունները քայլեր են ձեռնարկում իրավիճակը վերահսկելու ուղղությամբ: Արդեն երեկ երկրի մայրաքաղաք Կահիրեում էին տեղակայաված Եգիպտոսի հակաահաբեկչական հատուկ ուժերի զինվորները: Բացի դրանից, Եգիպտոսի իշխանություններն արգելափակել են սոցիալական կայքերը, մասնավորապես, Twitter-ն ու Facebook-ը, ինչպես նաև նվազեցրել են մատչումն այլ ինտերնետ կայքերին: Եգիպտոսի իշխանություններն արգելափակել են նաև բջջայինով հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը:

Այս առնչությամբ իր անհանգստությունն է հայտնել ԱՄՆ Պետդեպը: Մասնավորապես, Twitter-ի իր անձնական միկրոբլոգում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին գրել է, որ «մենք անհանգստացած ենք այն փաստի կապակցությամբ, որ հեռահաղորդակցման միջոցները, այդ թվում` ինտերնետը, հասարակական ցանցերը և անգամ այս տվիտ-հաղորդագրությունն արգելափակված են Եգիպտոսում»:

Նշենք, որ ընդդիմության գործողություններն այժմ համակարգում է ՄԱԳԱՏԵ-ի նախկին գլխավոր քարտուղար, 2005 թվականի Նոբելյան մրցանակակիր Մոհամեդ Էլ Բարադեյը, ով երեկ Վիեննայից վերադարձել է Եգիպտոս: Բացի այդ, բողոքողների շարքերում է խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը` «Մահմեդական եղբայրությունը»:

Արևմտյան փորձագետների գնահատմամբ` հունվարի 28-ը կարող է ճակատագրական լինել իշխանությունների և բողոքող զանգվածների հակամարտության համար: Այսօր ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մզկիթներում են հավաքվելու հարյուր հազարավոր մարդիկ, և նրանց վերահսկելը ծայրահեղ դժվար է լինելու:

Նշենք նաև, որ երեքշաբթի մեկնարկած բողոքի ցույցերից ի վեր հրապարակային ելույթ չի ունեցել երկրի նախագահ 82-ամյա Հոսնի Մուբարակը, ով Եգիպտոսում պաշտոնավարում է 1981 թվականից:

Tekali Taxi