Home / Հայաստան / Եգիպտոսի ընդդիմությունը չի հավատում իշխանությունների փոփոխությունների ծրագրին

Եգիպտոսի ընդդիմությունը չի հավատում իշխանությունների փոփոխությունների ծրագրին

Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը երկրի նախագահին առաջարկել է տիրող ճգնաժամից դուրս գալու ծրագիր, համաձայն որի վերջինս Մուբարաքին առաջարկում է հրաժարական տալ, ինչպես նաև ապագա խորհրդարանում չներգրավել գործարարներին, իրականացնել սահմանադրական բարեփոխումներ և տեղափոխություններ կատարել իշխող Ազգային Դեմոկրատական կուսակցության շարքերում: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը:

Դեռևս հայտնի չէ Մուբարաքի արձագանքը այս առաջարկի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախագահը Սուլեյմանին փոխնախագահի պաշտոնում է նշանակել շաբաթ օրը:

Այնումամենայնիվ, Եգիպտոսի ընդդիմությունը, որը գլխավորում է Մոհամեդ Էլ Բարադեյը չի հավատում նման ծրագրին: Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարները նշում են, որ սա Մուբարաքի և Սուլեյմանի միջև նախապես պայմանավորված ծրագիր է, որը նպատակ է հետապնդում փոխել մարդկանց, բայց ոչ համակարգը:

Այսօր Եգիպտոսի կենտրոնում հավաքված 250000-անոց ամբոխը վանկարկում էր՝ «Ոչ՝ համակարգին, այո՝ ժողովրդավարական ընտրություններին»:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի ընդդիմությունը կոչ է արել վաղը բոլոր ցուցարարներին միաժամանակ դուրս գալ փողոց: «Ապրիլի 6»-ի ընդդիմադիր շարժումը նախատեսում է մեկ միլիոնից ավելի մարդկանց փողոց դուրս բերել:

Ինչպես նշում է «Ալ Ջազիրան», Եգիպտոսի բանակի ղեկավարությունն այդ կապակցությամբ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ վաղը չի պատրաստվում ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ:

Tekali Taxi