Home / Հայաստան / Հայաստանյան ձկնաբույծները պատրաստ են կրակել սեփական բիզնեսը պահելու համար

Հայաստանյան ձկնաբույծները պատրաստ են կրակել սեփական բիզնեսը պահելու համար

Այս օրերին հասունանում է ևս մի լոկալ «ապստամբություն», ձկնաբույծները պատրաստվում են դեմ գնալ կառավարության նորամուծություններին, որոնք ոչ միայն սպառնում են իրենց բիզնեսի զարգացմանը, այլև դրա գոյությունն ընդհանրապես: Այս մասին տեղեկացնում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը` մեջբերելով  խոշոր ձկնաբույծներից մեկի խոսքերը:

Մեր տեղեկություններով` խոսքը վերաբերում է խորքային հորերի վրա ջրաչափերի տեղադրման պահանջին: Կառավարությունը նույնիսկ վերջնաժամկետ է նշանակել. մինչև փետրվարի վերջը բոլոր ձկնաբուծարաններում ջրաչափ պետք է տեղադրեն: Երեկ նրանք պետք է հանդիպեին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ` քննարկելու իրենց խնդիրները և, որքան մենք հասկացանք, շատ մարտական էին տրամադրված, որովհետև ձկնաբույծների շրջանում կարծիք կա, թե իշխանությունները մտադրվել են այս բիզնեսը ևս մոնոպոլացնել, մանավանդ որ խոսքը ոչ միայն Հայաստանում սպառվող ապրանքի մասին է, այլև արտահանվող: Հիշեցնենք, որ հայկական ձկնամթերքը անցյալ տարվանից մուտք է գործել ռուսական շուկա և շատ եկամտաբեր գործ է: Այնպես որ ձկների լռությունը շուտով կպայթի:

Ձկնաբույծերի հասունացող պայքարը իշխանություններին երևի լրջորեն է մտահոգել, որովհետև այս դեպքում գործ ունեն բավականին լավ կազմակերպված և համերաշխ միության հետ: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ ձկնաբույծներն ապահովված և հարուստ մարդիկ են: Նշենք, որ ձկնաբույծների հիմնական դժգոհությունն այն է, որ ջրաչափերի պահանջը կառավարությունում հորինել են` քաջ գիտենալով, որ դրանք տեխնիկապես հնարավոր չէ տեղադրել, և մարդիկ ստիպված պետք է ապամոնտաժեն իրենց ձկնաբուծարանները: Մեր աղբյուրը որպես ապացույց նշեց, որ օգտագործված ջրի քանակը մոնիտորինգի եղանակով չափելու համար իրենք վճարել են, և ոչ ոք չի կասկածում դրա օբյեկտիվությանը: Եվ վերջում` ձկնաբույծներից մեկը այսպես ներկայացրեց իրենց խնդիրը. մեր տնտեսությունը գտնվում է Արաքսի ափին` սահմանի վրա: Եթե վաղը թուրքը սահմանը խախտի, հարձակվի իմ ունեցվածքի վրա, ես կկրակեմ, չէ՞, հիմա ով փորձի  էս կողմից նույն բանն անել, կստանա նույն պատասխանը:

Tekali Taxi