Home / Հայաստան / «Ոդիսականը մաքսայինում». ՀՀ վարչապետին խնդրում են պատասխանել «ինչուներին»

«Ոդիսականը մաքսայինում». ՀՀ վարչապետին խնդրում են պատասխանել «ինչուներին»

«Իրավունքի և ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը կոչվում է «Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կամ ՀՀ քաղաքացու ոդիսականը մաքսայինում»:

Հարությունյանը նշում է, որ իր ընկերը` մոսկովյան մի ֆիզիկոս, որոշել է որպես նվեր, փոստային ծառայությունների միջոցով, իրավապաշտպանին ուղարկել իր երկու գրքերը: Գրքերը ստանալու հետ կապված պատմությունը Հարությունյանը ներկայացնում է իր նամակում.

«Թվում է՝ պարզ ու առօրյա գործ է և որևէ անակնկալ լինել չի կարող: Փետրվարի 2-ի առավոտյան ինձ զանգահարեց փոստային ծառայության աշխատակիցն ու ծանրոցը տուն բերելու համար ճշտեց բնակարանիս կոնկրետ տեղը: Որքան մեծ էր զարմանքս, երբ նա մի երկու ժամ անց մեր տուն եկավ ոչ թե ծանրոցով, այլ ինչ-որ թղթերով ու բացատրեց, որ մաքսային ծառայությունից հրաժարվել են իմ ծանրոցը նրան հանձնել: Փոխարենը տեղեկացրել են, որ համաձայն ՀՀ-ում գործող կարգի՝ ծանրոցի տերն ինքը պետք է ներկայանա «Զվարթնոց» օդանավակայանի մոտ գտնվեղ մաքսազերծման ենթակա ապրանքների տերմինալ, մաքսազերծի իր անվամբ եկած ծանրոցն, ապա նոր ստանա: Իմ բողոքը, որ փոստային ծառայությունն ինքն է պարտավոր իմ 17 եվրո գնահատված և մաքսիմում 1-1,5 կիլոգրամ կշռող ծանրոցը տուն բերել, քանի որ ուղարկողն այդ ծառայության համար արդեն վճարել է, օգուտ չտվեց: Այլ ելք չունեի` մեկնեցի: Լուսամուտներից մեկի մոտ մաքսային ծառայության աշխատակիցը ստուգեց փոստային ծառայության երիտասարդի ինձ փոխանցած թղթերը և տեղեկացրեց` եթե մի երկու ժամ ուշ գայի, ստիպված էի լինելու պահեստավորման հետ կապված տուգանքներ վճարել:  Այնուհետև մատով պահանջվող ուղղությունը ցույց տալով` ինձ հանձնարարեց գնալ և ասել, որ իմ «բեռը» բերեն: Մոտեցա ստացիոնար մետաղորսիչի մոտ նստած, ձեռքի մետաղորսիչն էլ ձեռքին խիստ հայացքով երիտասարդին և ասացի, որ «բեռս» բերեն: Նա ինձանից պահանջեց իմ անձնագիրը, ուսումնասիրեց այն, նետեց կողքի դարակը, մյուս դարակից հանեց մի անցաթուղթ, պահանջեց, որ այն ամրացնեմ հագուստիս և տեղեկացրեց, որ բեռն ինքը չի բերում, այլ ես պետք է գնամ դրա հետևից: Ես անցա մետաղորսիչի միջով, ինչից հետո ձեռքի մետաղորսիչով մեկ անգամ ևս նա ինձ մի լավ զննեց ու ներս թողեց: Ներսում բեռնակիրը «բեռիս» քաշն ու ինչ լինելն իմանալով ծիծաղեց և կարճ ժամանակ անց բերեց այն: Մի տաս րոպե սպասելուց հետո մոտեցավ մաքսավորը, բացեց տուփը, զննեց եւ համոզվելով, որ փաթեթում, ինչպես և նշված է ուղեկցող փաստաթղթերում, իրոք երկու գիրք է, ինձ եկածս ճանապարհով հետ ուղարկեց` հերթափոխի պետի մոտ: Մոտեցա ձեռքի մետաղորսիչով ստացիոնար մետաղորսիչի մոտ նստած ու խիստ հայացքով երիտասարդին, նա ինձանից հետ վերցրեց անցաթուղթը եւ վերադարձրեց անձնագիրս: Լուսամուտներից մեկում գտա հերթափոխի պետին, ով պահանջեց, որ ձեռքիս տակ եղած բոլոր փաստաթղթերը եւ անձնագիրս պատճենահանեմ, նոր իրեն մոտենամ:

Պատճենահանեցի ու մոտեցա: Ինչ որ նշումներ անելուց հետո հանձնարարվեց մոտենալ դիմացի պատուհաններին, որոնց հետևում նստած աշխատակիցներից յուրաքանչյուրն իրենց բաժին նշումներն արեցին այդ չարաբաստիկ թղթերի մեջ: Մոտեցա հերթափոխի պետին: Նա մեկ անգամ ևս ուշադիր ամեն ինչ զննելուց հետո կնքեց փաստաթղթերը և ասաց, որ գնամ «բեռիս» մոտ: Կրկին մոտեցա ստացիոնար մետաղորսիչի մոտ նստած ձեռքի մետաղորսիչով ու խիստ հայացքով երիտասարդին, նա կրկին պահանջեց անձնագիրս, կրկին տվեց անցաթուղթը պահանջելով այն անպայման ամրացնել հագուստիս, կրկին մետաղորսիչի միջով անցնելուց հետո ձեռքի մետաղորսիչով մի լավ ինձ զննեց ու ներս թողեց: Ներսում գտնվող մաքսավորին տվեցի արդեն կնքված թղթերը, «բեռս» ստացա և հետ` արդեն սովորած ճանապարհով փորձի դուրս գալ պահեստից, բայց աշխատակիցներից մեկը պահանջեց իրեն հետևել: Շարժվեցի նրա հետևից: Մոտեցանք հսկա դարպասներին, որտեղից մաքսազերծման ենթակա բեռներով պետք է ներս ու դուրս անեն բեռնատար ավտոմեքենաները: Երիտասարդը սեղմեց կոճակը, դարպասները վեր բարձրացան և մաքսազերծված ապրանքներով բեռնված հսկա ավտոմեքենաների համար նախատեսված ելքից մեկ կիլոգրամանոց փաթեթը թևիս տակ դուրս եկա և կրկին գլխավոր մուտքից շենք մտնելով ուղևորվեցի դեպի մետաղորսիչով երիտասարդը, հանձնեցի անցաթուղթը, ստացա անձնագիրս ու այդ օրվա տեսածիս, երկար ձգվող հերթերում լսածիս ու շուրջբոլորս կատարվածի արդյունքում կուտակված անպատասխան հարցերով տուն վերադարձա: Ահա հենց այդ հարցերն էլ որոշեցի, որպես ՀՀ վարչապետի, Ձեզ ուղղել.

– ինչու՞ պետք է ՀՀ քաղաքացին իր բնակարանում չկարողանա ստանալ իրեն  ուղարկված փաթեթներն ու ծանրոցները:

– ինչու՞ պետք է ՀՀ քաղաքացին մաքսազերծի և հսկայական գումարներ վճարի իր բարեկամների կողմից իրեն ուղարկված ծանրոցների համար, որոնց մեջ, որպես կանոն, հագուստներ են: Ինձ հետ այդ օրը մաքսայինում գտնվող մարդկանց մեծ մասն օգնություն-ծանրոցների թևաթափ եղած տերեր էին:

– ի՞նչ օգուտ ՀՀ-ին, երբ ՀՀ աղքատ քաղաքացին իր բարեկամի կողմից ուղարկած ծանրոցների մաքսազերծման համար պահանջվող գումարները վճարել չկարողանալու պատճառով դիմում է գրում, որ դրանք հետ ուղարկվեն:

– ինչու՞ են ՀՀ կառավարության կողմից մշակվում օրենքներ ու կարգեր, որոնք ՀՀ  ամենաանապահով քաղաքացուն էլ ավելի վատ վիճակի մեջ են դնում:

– ի՞նչ վատ էր, երբ բեռնափոխադրող ընկերությունները, դեռ մեկ տարի առաջ, ինչ որ չափ չգերազանցող ցանկացած քանակի ծանրոց քաղաքացու տուն էին բերում: Այս հարցը ցանկանում եմ հատկապես ընդգծել:

–  ինչու՞ պետք է ես երկու գիրք պարունակող փոքրիկ փաթեթի համար հսկայական ժամանակ կորցնեմ ու անիմաստ ծախսեր անեմ /ճանապարհածախս, ավտոկանգառի համար 500 դրամ վճար, պատճենահանման ծախսեր/:

– մատուցվող ի՞նչ ծառայությունների համար է այդ տերմինալին կից ավտոկայանում կայանելու համար 500 դրամ առանց որևէ թղթաբանության ու կտրոնի գանձվում:

– ինչպե՞ս պետք է այնտեղ հասնի ավտոմեքենա չունեցող անապահով քաղաքացին կամ թոշակառուն, եթե արտերկրի նրա ծանոթը նրան փաթեթ կամ ծանրոց կուղարկի:

Պարոն վարչապետ, վերջում խնդրում եմ, եթե ոչ որպես ՀՀ քաղաքացու, եթե ոչ որպես ՀՀ-ում ապրող ու գործող իրավապաշտպանի, գոնե որպես հին ծանոթի, պատասխանեք այս «ինչու»-ներին: Վստահ եմ, այս հարցերը շատերին են հուզում»:

Tekali Taxi