Home / Հայաստան / «Որ իրենց սասերը, սիթիներն ավելի ծաղկեն». Բացօթյա առևտուրը` երևանյան խնդիր

«Որ իրենց սասերը, սիթիներն ավելի ծաղկեն». Բացօթյա առևտուրը` երևանյան խնդիր

Լրագրող Անի Մաթևոսյանը Facebook հասարակական ցանցում տեղադրել է բացօթյա առևտրի արգելքի խնդրի և դրա հետևանքով Երևանում իրականացվող բողոքի ակցիաների մասին իր հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Էս երկիրը շաղկապված օղակ է, մաֆիա: 5 հոգի են էս երկրում աշխատում, մեզ թալանում ու բարգավաճում: Հիմա էլ մեր մանր առևտուրը արգելում են, որ իրենց սասերը, սիթիներն ավելի ծաղկեն: Սասերն ու սիթիները օլիգարխներինն է և ուզում են, որ առևտուրն էնտեղ իրականանա»,- իր խնդիրը ընդհանուրի համատեքստում հասկանում ու բացատրում է Հեղինե Պողոսյանը: Նա ավելի քան 15 տարի Կենտրոն համայնքում մանր առևտրով է զբաղվել և ահա, Երևանի քաղաքապետի որոշմամբ, արգելվել է բացօթյա առևտուրը:

Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ հունվարի վերջերին քաղաքապետարանում Երևանի 30 շուկաների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում «բացօթյա առևտրով զբաղվողներին աշխատատեղերով ապահովելու հստակ խնդիր է դրվել»:

Չեզոք սեռով ձևավորվող նախադասությունները հաճախ են հանդիպում հայոց լեզվում, մանավանդ երբ խոսքը պաշտոնական լրատվության մասին է` այստեղ որոշ գործողություններ անդեմ սահմանումներ ու ընթացք են ունենում, իսկ որոշները հստակ դեմքով են ներկայանում, ինչպես օրինակ` «Այսօր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել մայրաքաղաքի մի շարք շուկաներում՝ ծանոթանալու բացօթյա ապօրինի առևտրի արգելման և կանխարգելմանն ուղղված միջոցառումների ընթացքին, ինչպես նաև գործող շուկաներում առևտրականներին առաջարկվող պայմաններին»:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մամուլի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ փողոցում առևտրով զբաղվողները տեղափոխվելով շուկաներ, ընդհանուր առմամբ, գոհ են շուկաներում առկա պայմաններից, սակայն դժգոհ են շուկա այցելողների քանակից: Դե մարդիկ դեռ չգիտեն` իրենց ծանոթ առևտրականներին կյանքը կամ քաղաքապետարանի որոշումը որ մի շուկա պիտի գցեր… բայց մամուլի հաղորդագրությունում այս մասին էլ բացատրություններ կան. «Քաղաքապետի առաջին տեղակալը հենց տեղում հանձնարարեց շուկաների տնօրեններին կարճ ժամկետում բնակչության համար տեսանելի, ակնառու գովազդային և ուղղորդող վահանակներ տեղադրել»:

Թեև 30 շուկաների ղեկավարներ միասին Երևանի քաղաքապետին վստահեցրել են, որ նրանք ավելի քան 3.000 վաճառատեղեր կարող են ապահովել, սակայն մանր առևտրով զբաղվողներից շատերը, ինչպես քաղաքապետարանի տարածքում կազմակերպած բողոքի ակցիաների մասնակիցները, համաձայն չեն շուկայում առևտուր անելու առաջարկի հետ: «Մեզ կոնկրետ բան չի էլ առաջարկվել, շուկաներում մենք առևտուր փորձել ենք անել, ապրանքը տարել-թափել, գնացել ենք տուն, շուկայական առևտուրն իրեն չի արդարացնում.. մենք հնարավորություն չունենք մեր ապրանքները քաղաքի մի մասից մյուս մասը տեղափոխելու…»,-հիմնական բացատրություններն են այն կանանց, ովքեր քաղաքի տարբեր մասերում երկրի անկախացումից հետո` շուրջ 20 տարի է գուլպաներ, զուգագուլպաներ, ասեղներ ու թելեր, ցիտրուսեղեն են վաճառում:

Հեղինե Պողոսյանը 15 տարի է` կիտրոնի առևտրով է զբաղվում. «Ես իմ հիմնական տեղն ունեմ, որ ապրանք էլ չունենամ դրած, հիմնական հաճախորդներս անցնում են, հարցնում են: Իսկ հեռուստատեսությամբ շուկաներից իրենց գոհունակությունն են հայտնում մարդիկ, որ 20-25 տարի էնտեղ առևտուր են արել: Իրենք էլ իրենց հաճախորդներն ունեն, պարզ է»: Նա համոզված է, որ չի կարողանալու շահույթ ստանալ, եթե անգամ շուկայում փորձի իր գործունեությունը ծավալել. «Մեզ նորմալ այլընտրանք չի առաջարկվել»,- պնդում է նա ու իր մտահոգությունը ներկայացնում,-իբր շուկաների բարեսիրտ տնօրենները ասում են, թող գան սկզբնական շրջանում չվճարեն, հետո գիտեն ինչպես քթներիցս բերեն»:

Փողոցներում մանր առևտրով զբաղվողները, որ Երևանի քաղաքապետարանի կայքում «ապօրինի առևտրով զբաղվողներ» են բնութագրվել, հունվար-փետրվար ամիսներին մի քանի հավաքներ-բողոքի ակցիաներ են կազմակերպել այս նոր որոշման դեմ, այստեղ հիմնական խնդիրը ամենօրյա հացը վաստակելն է, այս մարդիկ բիզնեսով չեն զբաղվում ու հարստանում. «Քաղաքի սիրունության համար են մեզ արգելում առևտուր անել: Մենք հո աղբ չենք, որ մեզ հեռացնում են փողոցներից»,- զայրացավ բողոքարկող կանանցից մեկը:

Նրանք թեև լրջորեն բողոքում, անհանդուրժողականության ակցիաների են կազմակերպում` շղթայելով փողոցն ու փակելով փողոցային երթևեկությունը, բայց նաև գիտակցում են, որ մեծ մաֆիայի դեմ են պայքարի ելել ու գուցե վտանգավոր ելքեր լինեն. «Մենք կպայքարենք մինչև վերջ, որ թույլատրեն մեր առևտուրը մեր տեղերում, հակառակ դեպքում չեմ ենթարկվի ոչ քաղաքապետարանի, ոչ թաղապետարանի, ոչ ոստիկանության աշխատակցին, կդնեմ իմ ապրանքը նույն տեղում, իմ հացը կաշխատեմ: Մեկ ա` մեռնել-ապրելու հարցն է, թող խփեն սպանեն ինձ, որ պտի սովից մեռնեմ, թող ոստիկանի մահակի տակ մեռնեմ»,-բարձրաձայնում է 47-ամյա Նարինե Վարդանյանը:

«Մենք էլ ենք մտահոգված իրենց համար, ուղղակի իրենք չեն ուզում շուկաներում առևտուր անել: Իրենց որ մնա, շենքերի մուտքերում էլ կդնեն իրենց ապրանքն ու կծախեն, բայց դա օրենքով արգելված է: Մենք իրենց առաջակում ենք շուկաները, իսկ այլընտրանք կարող են լինել մինի-շուկաները` գյուղմթերքի համար նախատեսված, այդ հարցն է այժմ քննարկվում: Դրանից առավել էլ ինչ կարող ենք անել»,-ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Արմեն Սարգսյանը:

Փետրվարի 7-ի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված հավաքի ընթացքում թեև ցուցարարները քաղաքապետի հետ հանդիպման հույս ունեին, բայց ոչ ընդունելության արժանացան, ոչ էլ իրենց նամակի պաշտոնական պատասխանը ստացան:

Չքաղաքականացված, զուտ սոցիալական հիմք ունեցող այս բողոքի հետևանքները և ելքերը դժվար է գուշակել, մանավանդ որ իր շրջայցի ժամանակ Տարոն Մարգարյանը շեշտել է, թե ապօրինի առևտրի դեմ պայքարի հարցում քաղաքապետարանը վճռական է, և գործընթացը շարունակական է լինելու: Մյուս կողմից էլ առտևրականները դեռ շարունակելու են բողոքել ու պայքարել, մինչև քաղաքապետարանի կողմից մի կտոր հացի փող վաստակելու խոստումնալից այլընտրանքային առաջարկ ստանան:

Tekali Taxi