Home / Հայաստան / 2 միլիոն մարդ Թահրիր հրապարակում. հայաստանցին պատմում է Կահիրեից

2 միլիոն մարդ Թահրիր հրապարակում. հայաստանցին պատմում է Կահիրեից

Վերջին օրերի ընթացքում Կահիրեի Թահրիր հրապարակ այցելող մարդկանց թիվն ավելանում է: Մեկ օրվա ընթացքում Թահրիր հրապարակում ընդհանուր առմամբ մոտ 2 միլիոն մարդ է լինում: Այս մասին Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է արվեստաբան Անժելա Հարությունյանը, ով այս պահին գտնվում է Թահրիր հրապարակում:

Մեր զրուցակցի խոսքով` մարդկանց հիմնական հոսքը սկսվում է աշխատանքային օրվա վերջին: Չնայած արհմիությունները գործադուլ են հայտարարել և բազմաթիվ պետական հիմնարկություններում չեն աշխատում, Եգիպտոսի մասնավոր ընկերություններն աշխատում են, և շատերը հնարավորություն են ստանում Թահրիր գալ միայն երեկոյան:

Հարությունյանը նշել է, որ մարդկանց հոսքը պայմանավորված է նրանով, որ շատերը, պարզապես չհավատալով վերջնականապես վարկաբեկված պետական հեռուստատեսությանը, իրենք են գալիս Թահրիր տեսնելու, թե ինչ է իրականում կատավում: Եգիպտոսի պետական ԶԼՄ-ները վերջին կես ամսվա ընթացքում անընդհատ լուրեր են տարածում, որ ցույցերը կազմակերպված են Իրանի, Քաթարի և անգամ Իսրայելի կողմից, ինչը շատերին վստահություն չի ներշնչում:

Մեր այն հարցին, թե ինչ հետագա քայլեր են ձեռնարկելու ցուցարարները նրանից հետո, երբ «Մահմեդականների եղբայրություն» կուսակցության բանակցությունները կառավարության հետ տապալվեցին, Հարությունյանը նշել է, որ այդ կուսակցության ներկայացուցիչները շատ փորք տոկոս են կազմում ցուցարարների շարքերում:

«Ընդհանրապես այստեղ չեն կենտրոնանում անունների, ինչպես, օրինակ, Մոհամեդ Էլ Բարադեյի վրա: Հիմնական շարժիչ ուժը երիտասարդներն են», – ասել է Epress.am-ի զրուցակիցը:

Հարությունյանի համոզմամբ` ցուցարարները չեն հրաժարվի իրենց հիմանական պահանջից, որն է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը:

Նրա խոսքով` երիտասարդ ակտիվիստների, մտավորականների, գիտնականների տարբեր խմբեր Մուբարաքի հրաժարականից հետո ցուցարարների գործողությունների ծրագիր են կազմել, որտեղ խոսվում է ժամանակավոր կառավարության ստեղծման և ժողովրդավարական ընտրությունների անցկացման մասին: Այժմ այդ խմբերի համատեղ քննարկումներ են իրականացնում այդ ծրագրերը միավորելու և ընդդիմության պահանջներն ի մի բերելու համար:

Նշենք, որ Անժելա Հարությունյանը ցույցերի մեկնարկի առաջին իսկ օրվանից մասնակցում է Թահրիր հրապարակում անցկացվող ցույցերին:

Tekali Taxi