Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի` Ծառուկյանին ներկայացրած հայտարարության հարցը որոշվելու է Մոսկվայո՞ւմ

Սերժ Սարգսյանի` Ծառուկյանին ներկայացրած հայտարարության հարցը որոշվելու է Մոսկվայո՞ւմ

Մերձիշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, երկուշաբթի օրը տեղի ունեցած կոալիցիայի նիստում (որի մասին այդպես էլ որևէ պաշտոնական հաղորդում չեղավ) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարության տեքստ է ներկայացրել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին և առաջարկել է այն ստորագրել, գրում է «168 ժամ» պարբերականը:

Ըստ այդ հայտարարության` նախ ԲՀԿ-ն պետք է հայտարարի, թե 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ 2012 թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի հետ մասնակցելու է միասնական ցուցակով: Ըստ նույն աղբյուրների, նշված հայտարարությունից հրաժարվելու դեպքում ԲՀԿ-ն պետք է դուրս գա կոալիցիայից : Ծառուկյանին հաջողվել է հայտարարության պատասխանը հետաձգել մինչև ուրբաթ, այսինքն` վաղը: Երեկ ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները խուսափել են այս թեմայի շուրջ որևէ մեկնաբանությունից: Հիշեցնենք, որ տարբեր հրապարակումների համաձայն, անցած օրերին Գագիկ Ծառուկյանը գտնվել է Մոսկվայում, որտեղից վերադարձել է երեկ երեկոյան: Շաբաթվա սկզբին Մոսկվայում է եղել նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Որոշ տեղեկությունների համաձայն, վերջինս հանդիպել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն` չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած հայտարարությունը ստորագրելու կամ մերժելու հարցը որոշվելու է հենց Մոսկվայում:

Tekali Taxi