Home / Հայաստան / «Վերականգնել օրենքը…». ակցիա` ի պաշտպանություն կույր երիտասարդի

«Վերականգնել օրենքը…». ակցիա` ի պաշտպանություն կույր երիտասարդի

Այսօր 23-ամյա Արտակ Բեգլարյանի ընկերները նրա նամակն են գցել  ԱԳՆ նամակների և դիմումների համար նախատեսված արկղ: Նամակում Արտակը պահանջում է վերականգնել իր խախտված իրավունքները:

Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը դիմել էր ԱԳՆ` Դիվանագիտական դպրոցում ուսում ստանալու նպատակով, սակայն մերժում էր ստացել` կույր լինելու պատճառով:

Նա Facebook սոցիալական ցանցում բաց նամակ էր ուղղել ՀՀ արտգործնախարարին` հղում անելով ՀՀ այն բոլոր օրենքներին, որոնք չեն արգելում կույր մարդուն ուսանել բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Նամակի հանձման ժամանակ ԱԳՆ շենքի մոտ էին հավաքվել տարբեր բուհերի` Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի ուսանողներ:

Epress.am-ի հետ զրույցում Արտակ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության նախաձեռնության համակարգող Սարգիս Խանդարյանն ասել է, որ իրենք հետևողական են լինելու, որպեսզի Արտակի իրավունքները վերականգնվեն:

ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանող Արուսյակ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իրենք փորձելու են հասնել իրենց ընկեր Արտակի իրավունքերի վերականգնմանը:

«Այստեղ ոչ միայն Արտակի ուսանելու խնդիրն է, այլ առհասարակ ՀՀ օրենք է խախտվել. մենք ցանկանում ենք, որ օրենքը վերականգնվի»,- ասել է ուսանողուհին:

Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը Facebook սոցիալական ցանցում տեղադրել էր նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի իրեն ուղղված գրությունը, որին ի պատասխան իր բաց նամակում Բեգլրայանն ասել էր.

«Հարգելի պարոն Բալայանը խոսում է հրապարակման մարդկայնորեն հուզիչ ասպեկտի մասին, այնինչ ես երբեք չեմ էլ ակնկալում խղճահարություն ստեղծելու միջոցով ճանապարհ հարթել իմ կրթության ու կյանքի ընթացքի համար: Տվյալ պարագայում ավելորդ է հուզվել, դրա փոխարեն պետք է մտածել, թե ինչու՞ է խախտվել օրենքը և ով է պատասխանատու դրա համար»:

Epress.am-ի հետ զրույցում Բեգլարյանը հույս էր հայտնել, որ ԱԳՆ-ն, այնուամենայնիվ, կվերանայի իր որոշումը, սակայն «չի դիմում նման քայլերի մինչև իրեն չեն ստիպում»:

Երիտասարդի խոսքով` եթե ԱԳՆ որևէ քայլ չձեռնարկի, ինքը, գուցե, կդիմի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Այսօր նրա ընկերները մեզ հետ զրույցում ասել են, որ եթե Արտակի իրավունքները չվեարկանգնվեն, նա կդիմի նաև դատարան` օրենքի սահմաններում քննելու հարցը:

Նշենք, որ ակցիան հսկում էին մի քանի ոստիկաններ, ովքեր, մոտենալով ուսանողներին, փորձում էին պարզել, թե որ բուհերում են իրենք սովորում:

Tekali Taxi