հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Նստացույցի արդյունքում ոստիկանները բացել են Գյումրի-Երևան ճանապարհը

Նստացույցի արդյունքում ոստիկանները բացել են Գյումրի-Երևան ճանապարհը

Այսօր Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում գտնվող հրապարակում քաղաքի բնակիչները նստացույց են անցկացրել` ոստիկանությունից պահանջելով ապաշրջափակել Գյումրի-Երևան ճանապարհը:

Epress.am-ի հետ զրույցում նստացույցի մասնակից Վահագն Խաչատրյանն ասել է, որ Գյումրիում վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդների այսօրվա ակցիային միացել են նաև հասարակ քաղաքացիներ:

«Այստեղ մարդիկ շատանում էին և խոստանում են, որ չեն հեռանալու, մինչև ոստիկանները չվերացնեն շրջափակումը և թույլ չտան վարորդներին ազատ տեղաշարշվել: Մարդիկ այստեղ նստացույց էին անում, արդեն տներից հաց էին բերում»,- ասել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այսօր վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները որոշել էին ակցիա կազմակերպել Երևանում` Կառավարության շենքի առջև, սակայն առավոտից Գյումրիից և Վանաձորից եկող ճանապարհները փակել էին:

Epress.am-ի հետ զրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասել է, որ մեկ ժամ առաջ մարդիկ որոշել են փակել դեպի Սայաթ-Նովա փողոց տանող Խաղաղության օղակը, որի պատճառով, Բարսեղյանի փոխանցմամբ, կաթվածահար է եղել ողջ երթևեկությունը:

«Մի քանի ժամ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եկավ, ոստիկանների հետ բանակցեց, սակայն նրանք ոչ մի հստակ պատասխան չտվեցին, թե ինչու են փակել ճանապարհները»,- ասել է Բարսեղյանը:

Այս պահին ոստիկանները բացել են Սայաթ-Նովա փողոցը, ինչն էլ նստացույց իրականացնողների հիմնական պահանջն էր: Այժմ մարդիկ սկսում են հեռանալ նստացույցի վայրից: