Կոալիցիոն հուշագրի նպատակը միանձնյա իշխանություն պահպանելն է. կարծիք
«Բացի միանձնյա իշխանություն պահպանելուց, այս հայտարարության մեջ ուրիշ ոչինչ չկա», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը մեկնաբանել է Հայաստանի իշխող կոալիցիայի` երեկ ստորագրված հուշագիրը, համաձայն որի կոալիցիան գալիք նախագահական ընտրություններին հանդես է գալու մեկ միասնական թեկնածուով:
«Եվ ընդհանրապես, բարեկիրթ ժողովուրդների մոտ կոալիցիա են կազմում ռազմավարական նպատակների շուրջ», - ասել է Հայրիկյանը` նշելով, որ նման նպատակ հուշագրում ինքը չի տեսնում:
«Ընթերցելով փաստաթուղթը` պետք է տեսնենք, թե իրականում ինչ դրական քայլեր են արվելու: Ժողովրդին օգտակար լինելու տեսանկյունից կարող ենք գնահատել, երբ որոշակի ծրագիր լինի», - ասել է ԱԻՄ նախագահը:
Նրա խոսքով` թե Հայաստանի իշխանությունները, թե ընդդիմությունը առարկայական ծրագրեր չունեն:
«Ոչ թե հայտարարություններ, այլ ծրագրեր», - հստակեցրել է Հայրիկյանը: