Home / Հայաստան / ՀԱԿ ակտիվիստները՝ ոստիկանությունում. մոտ 100 մարդ հավաքվել է շենքի մոտ

ՀԱԿ ակտիվիստները՝ ոստիկանությունում. մոտ 100 մարդ հավաքվել է շենքի մոտ

Այս պահին մոտ 100 մարդ հավաքված են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի «Կենտրոն» բաժնի մոտ, նույն վայրում են կուտակված նաև ոստիկաններ:

Հավաքված մարդիկ սպասում են ոստիկանության բաժնում գտնվող Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին, ում ավելի վաղ բաժին բերման էին ենթարկել մարդիկ քաղաքացիական հագուստով թռուցիկներ բաժանելու պահին:

Բերման էին ենթարկվել Արեգ և Սարգիս Գևորգյանները, Սահակ Մուրադյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Հերմինե Մաթևոսյանը, Մարիամ Մուրադյանը, Տաթևիկ Պողպատյանը, Սարգիս Խաչատրյանը: Երիտասարդների մոտ գտնվում են նրանց փաստաբանները: Ոստիկանության շենք են մտել նաև «Ժառանգություն» կուսակցության երկու պատգամավորներ՝ Զարուհի Փոստանջյանը և Ստեփան Սաֆարյանը: Շենքից դուրս գալու պահին նրանք Epress.am-ի լրագրողի հետ զրույցում հայտարարել են, որ այս պահին երիտասարդները նորմալ են զգում իրենց: Զարուհի Փոստանջյանը վստահեցրել է, որ ակտիվիստներին այսօր բաց կթողնեն:

Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ ոստիկանության շենքից դուրս եկավ մի տղամարդ, մոտեցավ նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին և նրա ձեռքից խլեց պաստառը, որով Գասպարին եկել իր բողոքն արտահայտելու ոստիկանների գործողությունների դեմ: ՀԱԿ ակտիվիստը տեղում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, սակայն ոստիկանությունում հրաժարվել են ընդունել այն:

Tekali Taxi