Home / Հայաստան / Հայաստանում քաղաքացիական անհնազանդության կոչ են անում

Հայաստանում քաղաքացիական անհնազանդության կոչ են անում

Ինչո՞ւ է ժողովուրդը հավաքվում փողոցներում, հրապարակներում: Այսօր  Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի  հրավիրած հանրահավաքի ընթացքում այսպիսի հռետորական հարցով է սկսել իր ելույթը «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

«Մենք հավաքվում ենք փողոցներում, որպեսզի մեզ լսեն: Իրենք փորձում են չլսել մեզ, իրենք միլիոնատերերի ակումբ են դարձրել խորհրդարանը, որտեղ մեր կամքը, մեր խոսքը պետք է հնչեր: Դա է պատճառը, որ մենք հավաքում ենք այստեղ և կստիպենք, որ մեզ լսեն», – հայտարարել է Խզմալյանը:

Նրա խոսքով` այս օրերին շատերը հարցնում են` արաբական հեղափոխական ալիքը հասնելո՞ւ է Հայաստան, թե ոչ:

«Այս ալիքը այստեղ է: Ժողովուրդը դուրս է գալիս ու ստիպում է, որ իրեն լսեն: Ինչպես ենք մենք անելու դա` նախ և առաջ ոչ ընտրություններով, որովհետև ընտրությունները վաղուց արդեն մեր երկրում դարձել են մի խաղասրահ, կազինո, իսկ դուք գիտեք, որ կազիոնոյում հաղթել հնարավոր չէ: Եվ մարդիկ, ովքեր հիմա էլ են ասում` պետք է գնալ հերթական կամ արտահերթ ընտրությունների` կամ միամիտ են, կամ մեղսակից են, որ նորից փորձելու են մեզ մտցնել այդ կազինո և նորից խաբել»,- ասել է Տիգրան Խզմալյանը:

Նա նաև նշել է, որ փետրվարը ծանր ամիս է հայերի համար, քանի որ  փետրվարի վերջին եղավ Սումգայիթը:

«Մենք չէինք կարծում, որ կսումգայիթացնեն Երևանը, մեզ փորձում են պահել ձմռան մեջ, սա քաղաքական ձմեռ է, ուզում են այնպես անել, որ գարուն Հայաստան երկիր չգա: Մենք հավաքվում ենք, որ մարտի մեկից հետո գա մարտի 2-ը, որովհետև տարիներ են անցնում, իսկ մենք անընդհատ մնում ենք մարտի մեկի արյան ցավի ու ցասման մեջ: Միայն համախմբմամբ, միայն միասնությամբ մենք կհաղթենք, մենք եկել ենք այստեղ ոչ թե միանանք այս կամ այն խմբակցությանը, կամ կուսակցությանը, կուսակցությունները միայնակ չեն կարողանա: Մենք եկել ենք համախմբելու մեզ և ձեզ»,- ասել է Խզմալյանը:

Նա նաև հավելել է, որ իրենք եկել են հանրահավաքի, որպեսզի ընդհանուր դիմադրական շարժում կառուցեն, քանի որ «միայն քաղաքացիական անհնազանդությամբ են հաղթելու»:

Նշենք, որ հանրահավաքին ներկա է եղել նաև «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, ով ելույթի չի ունեցել:

Tekali Taxi