Մադրիդի «Ռեալը» 2004 թվականից ի վեր չէր հաղթահարել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի արգելքը: Անցյալ տարի այս փուլում մադրիդցիների ճանապարհը փակել էր Լիոնի «Օլիմպիկը»: Մեկ տարի անց ռևանշը կայացավ. «Ռեալը» վերժխնդիր եղավ «Օլիմպիկից»` սեփական հարկի տակ հաղթելով 3:0 հաշվով, մինչդեռ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1: Մադրիդում գոլերի հեղինակներ դարձան Մարսելոն, Կարիմ Բենզեման և Անխել Դի Մարիան, և բոլոր երեք դեպքերում էլ կոպիտ սխալներ գործեցին լիոնցիների կենտրոնական պաշտպանները` Կրիսը և Դեյան Լովրեն: «Օլիմպիկը» փորձում էր հավասար պայքար մղել մրցակցի հետ մինչև 0:2 հաշիվը,սակայն դրանից հետո պարզ դարձավ, որ ֆրանսիացիներն առաջին անգամ պարտվելու են Մադրիդի «Ռեալին»: Նշենք, որ մինչ այս խաղը Լիգայում կայացած 7 հանդիպումնորում լիոնցիները հաղթել էին 3 անգամ և 4 խաղ ավարտվել էր ոչ-ոքի հաշվով:
Օրվա մյուս խաղում «Չելսին» սեփական հարկի տակ 0:0 հաշվով հանդիպումն ավարտեց դանիական «Կոպենհագենի» հետ, և հաջորդ փուլ դուրս եկավ, քանի որ առաջին խաղում մրցակցին պարտության էր մատնել 2:0 հաշվով:
Այսպիսով, պարզ դարձան քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները: Եվրոպայի լավագույն ութ թիմերի շարքում են` «Բարսելոնան», «Շախտյորը», «Տոտենհեմը», «Շալկե 04»-ը, «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը», «Չելսին» և «Ռեալը»: ¼ եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա մարտի 18-ին, Երևանի ժամանակով 15:00-ին շվեյցարական Նյոնում: