Home / Հայաստան / «Եթե ժողովուրդը որոշի…». Ջհանգիրյանը` Ազատության հրապարակում մնալու մասին

«Եթե ժողովուրդը որոշի…». Ջհանգիրյանը` Ազատության հրապարակում մնալու մասին

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական շտաբի անդամ Գագիկ Ջհանգիրյանը խոսել է Կոնգրեսի ապրիլի 8-ի հանրահավաքի մասին:

-Պարոն Ջհանգիրյան, քաղաքապետարանը նորից արգելել է ընդդիմությանը  հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

– Ինձ համար դա արդեն զավեշտ է, քաղաքապետարանը արգելել է-թույլ է տվել…Հիմա մեր պայքարը, մեր Համաժողովրդական շարժումը այնպիսի վերընթաց փուլում է, որ քաղաքապետարանն ուզում է արգելի, ուզում է թույլ տա, ինձ համար, ճիշտն ասած, միևնույն է, որովհետև հարյուր հազար մարդուն քաղաքապետը արգելում է, թե ինչ արգելում. դա բացարձակ նշանակություն չունի: Եթե Մատենադարանում ժողովուրդը որոշեց, որ մուտք է գործելու Ազատության հրապարակ, տասը հատ քաղաքապետ էլ լինի, միևնույն է, մենք մուտք ենք գործելու: Եվ որևէ ուժ այսօր Հայաստանում չի կարող խոչընդոտել Համաժողովրդական  շարժմանը:

– Իսկ եթե ժողովուրդը նաև որոշի, որ մուտք է գործում Ազատության հրապարակ և մնում է այնտե՞ղ:

-Եթե ժողովուրդը որոշի, որ մտնում է Ազատության հրապարակ և մնում է այնտեղ, ապա դա ժողովրդի որոշելիքն է, ուրեմն կմնա Ազատության հրապարակում: Ուղղակի ես կարծում եմ, որ մենք այնպիսի քայլեր պիտի անենք, որը կարտահայտի այդ հանրահավաքի ոչ թե մի մասին, այլ մեծամասնության ձգտումն ու ցանկությունը:

ՀՀ քաղաքացին պետք է հստակ գիտակցի, որ իր մասնակցությունը ապրիլի ութի հանրահավաքին որոշելու է Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագիրը, իր զավակների և թոռների ապագան: Իր փոխարեն ոչ ոք չի մասնակցելու այդ հանրահավաքին, իր ու իր զավակների ապագան հենց իր ձեռքերում է:

Tekali Taxi