Գլխավոր / Հայաստան / Եվրոպայի շախմատի առաջնությունն անսպասելի չեմպիոն ունեցավ

Եվրոպայի շախմատի առաջնությունն անսպասելի չեմպիոն ունեցավ

Ֆրանսիական Էքս-լը-բեն քաղաքում ավարտվեց Եվրոպայի շախմատի առաջնությունը: Շատերի համար անսպասելիորեն հաղթողի կոչումը նվաճեց ռուսաստանցի Վլադիմիր Պոտկինը: Հարկ է նշել, որ մրցաշարից առաջ նրա վարկանիշը 2653 էր, և նա այդ ցուցանիշով զիջում էր առաջնության մասնակից տասնյակ գրոսմայստերների:

11 տուրում Պոտկինը հավաքեց 8,5 միավոր: Նույնքան միավոր վաստակեցին լեհ Ռադոսլավ Վոյտաշեկը, հունգարուհի Հուդիթ Պոլգարը և ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոն, սակայն Պոտկինը մրցակիցներին շրջանցեց լրացուցիչ ցուցանիշներով:

Հայաստանցի գրոսմայստերներից լավագույն արդյունքը ցույց տվեց Արման Փաշիկյանը, ով հավաքեց 7,5 միավոր և հանգրվանեց 38-րդ տեղում:

7 միավոր վաստակեցին Սամվել Տեր-Սահակյանը (50-րդ տեղ), Ավետիք Գրիգորյանը (54-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (58-րդ տեղ) և Զավեն Անդրեասյանը (65-րդ տեղ):

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը՝ Գաբրիել Սարգսյանը հավաքեց 6 միավոր՝ հանգրվանելով 127-րդ տեղում: Նույնքան միավորով Ռոբերտ Հովհաննիսյանը 154-րդն էր: Հրանտ Մելքումյանը վաստակեց 5 միավոր՝ 228-րդ տեղ, իսկ Վլադիմիր Պողոսյանը 4,5 միավորով զբաղեցրեց 310-րդ տեղը: