Home / Հայաստան / Էլեկտրոնային քվեարկություն` արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների համար. օմբուդսմեն

Էլեկտրոնային քվեարկություն` արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների համար. օմբուդսմեն

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ Ազգային ժողովին է ներկայացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններ և դիտողություններ:

Համաձայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի, պաշտպանն առաջարկում է վերանայել երկքաղաքացիություն ունեցող անձանց որպես  պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունքի սահմանափակումը` նկատի ունենալով, որ երկքաղաքացիություն ունեցող անձինք չպետք է ունենան ավելի քիչ իրավունքներ, քան մյուս քաղաքացիները:

«Պաշտպանն անհրաժեշտ է համարում վերանայել տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը և առաջարկվում է լրացում կատարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կարգում: Առաջարկվում է նաև լրացուցիչ քննարկել Հանրապետության նախագահի թեկնածու ինքնաառաջադրվելու հնարավորության բացակայության հարցը, ինչը, Պաշտպանի գնահատմամբ, անհարկի սահմանափակում է քաղաքացիների ընտրական իրավունքը: Քննարկման թեմա է նաև ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրվելու հնարավորության բացակայության խնդիրը: Առաջարկվում է քննարկել ժամանակավորապես արտերկրում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով քվեարկելու հնարավորություն ընձեռելու տարբերակը որպես կամքի ազատ արտահայտման իրավունքի իրացում: Բացի այդ, քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկության մատչելիության դրույթը կանոնակարգման և եզրույթների հստակեցման կարիք ունի ՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար», – ասված է ՄԻ պաշտպանի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Առաջարկներին ամբողջապես հնարավոր է ծանոթանալ հետևյալ հասցեով` http://ombuds.am/main/am/0/27/2435

Tekali Taxi