Home / Հայաստան / ՀՀ օմբուդսմենն անդրադարձել է Հայաստանում խաղաղ հավաքներին

ՀՀ օմբուդսմենն անդրադարձել է Հայաստանում խաղաղ հավաքներին

Խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի պաշտպանությունն առաջնահերթ է ոչ միայն սոսկ որպես չափազանց կարևոր քաղաքական իրավունք, այլև այն պատճառով, որ այս իրավունքի արդյունավետ իրացումը հասարակությանը հնարավորություն է տալիս պաշտպանել նաև մարդու այլ հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Այս մասին ասված է ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեսյանի այսօր հրապարակած հոդվածում:

«Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից առնչվեցի հավաքների ազատության իրավունքի հետ կապված բողոքի և նշված իրավունքի պաշտպանության անհրաժեշտության հետ: Մարտի 3-ին հաղորդում ստացա ՀՀ կառավարության շենքի մոտ բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող անձանց և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից խաղաղ ցույցի իրականացման ընթացքում մարդու իրավունքների խախտումների ու ոստիկանների կողմից լիազորությունների վերազանցման վերաբերյալ: Տեղեկացվելուն պես անհապաղ Հանրապետության հրապարակ մեկնեցին իմ ներկայացուցիչները, ապա՝ նաև ես: Դեպքի վայրում ականատես լինելով արդեն ավարտված միջադեպի՝ գրավոր դիմեցի ոստիկանությանը՝ առաջարկելով լրիվ և բազմակողմանի քննություն իրականացնելիս հաշվի առնել ոչ միայն ոստիկանների ցուցմունքները, այլև միջադեպի ականատեսների վկայությունները: Ոստիկանությունն ի պատասխան իմ գրության հայտնեց, որ հարցը քննարկվել է ՀՀ ոստիկանության կոլեգիայում, և որ ոստիկանության վերակարգի ծառայողները հասարակական կարգն ապահովելու նպատակով իրենց իրավասության սահմաններում իրականացրել են համապատասխան իրավաչափ գործողություններ՝ կանխելու հավաքվածների կողմից անօրինական գործողությունները: Ցավոք, ՀՀ ոստիկանությունը քննության ժամանակ չընդունեց իմ առաջարկած սկզբունքը, ինչն ամենևին չի նպաստի ՀՀ ոստիկանության նկատմամբ հանրային վստահության հետագա ամրապնդմանը», – նշում է Անդրեասյանը:

ՀՀ ՄԻ պաշտպանի խոսքով` «Ժառանգություն» խմբակցությունը դեռևս չի սպառել միջադեպը քննելու և իրավական գնահատական տալու լիազորություն ունեցող բոլոր ատյանները, և գործն այժմ գտնվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, որտեղ միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների անունից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

«Խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի պաշտպանության համատեքստում մարտի 21-ին անդրադարձել եմ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հացադուլ իրականացնելու ընթացքում վրան տեղադրելու արգելքին՝ գնահատելով այն որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ոստիկանության գործողությունները` ոչ իրավաչափ, քանզի անձի կողմից մեկ վրանի տեղադրումը որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանն ուղեկցող գործողություն ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում: Դրական գնահատելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը չխոչընդոտեց վրան տեղադրելու իմ հայտարարությանը հաջորդած փորձին` այնուամենայնիվ անհրաժեշտ է նշել, որ ոստիկանությունն անհետևանք թողեց վրան տեղադրելուն խոչընդոտող ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունները», – ասել է Անդրեասյանը:

Օմբուդսմենը ողջունել է այն փաստը, որ 2011թ. մարտի 17-ին ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ վերջինիս մասնակիցները կարողացան ոստիկանության հետ բանակցությունների և քաղաքակիրթ երկխոսության արդյունքում անարգել մուտք գործել Ազատության հրապարակ:

«Միաժամանակ ցանկանում եմ շեշտել, որ խաղաղ հավաքների իրավունքի ինչպես ոչ իրավաչափ սահմանափակումը, այնպես էլ չարաշահումը դիտարկվում է ոչ միայն որպես ժողովրդավարության սկզբունքներից էական շեղում, այլև պետության և քաղաքացիական հասարակության կայունության լուրջ սպառնալիք: Այս իրավունքի ապահովումը պահանջում է հավաքների ազատության անխափան իրացումն ապահովելու պետության պոզիտիվ պարտավորությունը: Ցանկացած սահմանափակում պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին, նախապատվությունը պետք է տրվի նվազագույն միջամտությանը: Այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության կապակցությամբ պետք է գտնել հստակ հավասարակշռություն հավաքների ազատության իրավունքի իրականացման և դրա հետ հակասության մեջ մտած` երրորդ անձանց իրավունքների ու օրինական շահերի միջև», – նշում է օմբուդսմենը:

Հոդվածի վերջում նա անդրադառնում է 2011թ. ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին, որի նախագիծը մշակվել էր 2010թ. Պաշտպանի և ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից:

«Օրենքում հաշվի են առնվել Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ կողմից արված առաջարկությունները։ Ընդունված օրենքի գործողությունն այլևս չի տարածվում բոլոր տեսակի «միջոցառումների» վրա, այլ սահմանափակվում է միայն «հավաքներով»: Պարզ ու հասկանալի է հավաքների երկու հիմնական տիպերի` իրազեկման ենթակա և իրազեկման ոչ ենթակա հավաքների միջև տարբերակումը, հստակ սահմանվում է այն  վայրերի շրջանակը, որտեղ  արգելվում է հավաքների անցկացումը: Օրենքն ամրագրել է նաև այն սկզբունքային մոտեցումը, որ քանի դեռ հավաքը մնում է խաղաղ, այն չի կարող դադարեցվել ոստիկանության կողմից։ Կարծում եմ` ընդունված օրենքն առավելագույնս կնպաստի հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի ապահովմանը, իսկ ես` իմ իրավասության շրջանակներում, շարունակելու եմ հետևել հավաքների ազատության ապահովմանը և կձեռնարկեմ բոլոր անհրաժեշտ միջոցներն այս իրավունքի ցանկացած խախտում վերացնելու ուղղությամբ», – ասել է Կարեն Անդրեասյանը:

Tekali Taxi