Home / Հայաստան / Ծնողները և Երևանի քաղաքապետը «շփվում են» Facebook-ի միջոցով

Ծնողները և Երևանի քաղաքապետը «շփվում են» Facebook-ի միջոցով

Facebook սոցիալական ցանցում ի պատասխան Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշման «Թողեք քնենք» խումբ է ստեղծվել, որտեղ խմբին միացած 145 անդամներն արդեն իսկ բուռն քննարկումներ են ծավալել:

Ինչպես հայտնի է, քաղաքապետի որոշմամբ` Երևանում ապրիլի 18-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում (22 աշխատանքային օր) իրականացվում է փորձնական ծրագիր: Ըստ այդմ, Կենտրոն վարչական շրջանի թվով 16, Արաբկիրի` 5, Շենգավիթի` 2 և Էրեբունու մեկ դպրոցներում, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի 20 նախադպրոցական ուսումնական հաստատություններում դասերն ու պարապմունքները սկսվում են 08:30-ին: Քաղաքապետարանն այսպես պայքարում է առավոտյան ժամերին նկատվող տրանսպորտային մեծ հոսքերի և խցանումների դեմ:

«Այս անհեթեթ որոշումը կայացվել է, ամենայն հավանականությամբ, սպոնտան, քանի որ որևէ հետազոտություն դրա թողած արդյունքների մասին չի կատարվել», – ասված է Facebook-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ, որի տակ մի շարք ծնողներ իրենց դժգոհությունն են հայտնում և պատրաստակամություն հայտնում որոշման դեմ ստորագրահավաք նախաձեռնել:

«Անհավանական է, որ էս երկրում, որտեղ պետական հիմնարկություններում համատարած անպատասխանատվություն, անկարգություն, անտարբերություն ու քաոս է տիրում (ինձ հազիվ եմ զսպում, որ շատ ավելի վատ բաներ չասեմ), ինչ-որ մարդիկ դիսցիպլինաից են խոսում 3-5 տարեկան երեխաներին նկատի ունենալով: Ուղղակի ծիծաղելի է», – մեկնաբանել է օգտատերերից մեկը:

«Հարգելի քաղաքապետ, տրանսպորտի հարցը կարելի է լուծել հօգուտ երեխաների, ասենք, մանկապարտեզներին ավտոբուս տրամադրելով, որ երեխաներն էլ ձեր սահմանած ժամին լինեն «ծառայության» վայրում: Համ ծնողը հանգիստ կլիներ, որ երեխան մխրճվելով չի նստի մարշրուտկա, հանգիստ տեղ կհասնի», – գրում է խմբի մեկ այլ մասնակից:

Խմբի մասնակիցներից ոմանք քաղաքապետի որոշման մեջ որևէ բացասական բան չեն տեսնում` նշելով, որ վատ չէ փոքր տարիքից երեխային «ռեժիմի սովորեցնել»: Նման կարծիքներ հայտնողները, սակայն, մի քանիսն են, իսկ վերջիններիս կարծիքների տակ խմբի այլ մասնակիցները բազմաթիվ հակափաստարկներ են բերում.

«Հիմա, եթե մի փոքր ուսումնասիրեք, նույնիսկ մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխաներին ռեժիմով չկերակրել, ուր մնաց քնացնել, մինչև մի որոշակի տարիք` 6-7 տարեկան, երբ երեխան ինքը կարող է իրեն ռեժիմի բերել: Ձեր ասած ռեժիմը պարզապես ԲՌՆՈՒԹՅՈՒՆ է մանկապարտեզահասակ երեխաների նկատմամբ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Facebook-ի իր էջում հաղորդագրություն էր տարածել նաև Կարեն Կարապետյանը` նշելով, որ «քաղաքակիրթ աշխարհում նմանատիպ գրաֆիկներ են կիրառում թե’ խցանումներից խուսափելու, թե’ ծնողների առօրյա գրաֆիկը օպտիմալ կարգավորելու համար»:

«Ինչ վերաբերում է «փորձարկումներ կատարեք Ձեր ընտանիքի անդամների վրա» արտահայտությանը, ասեմ, որ իմ ընտանիքում կա երկու երեխա, որոնց գրաֆիկը նույնպես փոխվել է, և իրենք էլ շատ գոհ չեն։ Սակայն այս քայլը ինքնանպատակ չէ, այլ առավոտյան խցանումների խնդիրը կարգավորելուն ուղղված բազմաթիվ քայլերից մեկը», – գրել էր քաղաքապետն ու կոչ արել «մեկս մյուսի հետ խոսելիս հարգալից և չափված լինել»:

Tekali Taxi