Home / Հայաստան / Ուկրաինայում Հայաստանի դեսպանը պաշտպանել է ռուսաստանցի միլիարդատիրոջը

Ուկրաինայում Հայաստանի դեսպանը պաշտպանել է ռուսաստանցի միլիարդատիրոջը

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է «Տաշիր 2011» մրցանաբաշխությանը` նշելով, որ ամաչում է այն քննադատությունից, որն ուղղվեց «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի հասցեին:

«Ես շատ ուշադիր հետևել եմ այն ամենին, ինչ տպագրվեց այդ մրցանակաբաշխության մասին, և շատ եմ ամաչում, որպես հայ, որ մի խումբ մարդիկ (դա մեր ժողովուրդը չէ, թող ժողովրդին հանգիստ թողնեն), որոնց ձեռնտու չէ, որ Սամվել Կարապետյանի հեղինակությունը բարձր է և բարձրանում է, նման աղմուկ բարձրացրեցին: Ցանկացած հայի հայտնի է, որ Սամվել Կարապետյանը իր հարստությունը աշխատել է դրսում, ինքն այդ գումարները Հայաստանում չի աշխատել և ունի իրավունք իր ուզած ձևով ծախսելու: Նա Հայաստանի համար շատ մեծ բան է անում, հսկայական ներդրումներ է կատարում, որ մեր տնտեսությունը վերականգնվի: Սամվել Կարապետյանը մեծ հայ է: Արտերկրի մեր հայերի մեջ այսօր երկու մեծ բարերար ունենք`Քըրք Քըրքորյան և Սամվել Կարապետյան: Եվ սա չպետք է մոռանալ: Սամվել Կարապետյանը Կրեմլում կազմակերպեց միջոցառում, որին մասնակցում էր շուրջ 7 հազար հայ, և շուրջ 7 ժամ տևած համերգը դիտեցին աշխարհի 160 երկրում: Եթե անկեղծ լինենք, Սամվել Կարապետյանը ոչ այդքան ազատ ժամանակ ունի, ոչ էլ դա իր համար է անում: Բայց զբաղվեց դրանով, կազմակերպեց, և այնպես արեց, որ այդքան հայի տրամադրությունը բարձրանա, որ հայ ազգի հեղինակությունը բարձրանա: Կարծում եմ, նա շատ մեծ գործ արեց մեր ազգի հեղինակությունը բարձրացնելու համար: Արդյոք Սամվել Կարապետյանը մեղք ունի՞, որ Հայաստանում կան աղքատ մարդիկ, իհարկե`ոչ: Նա միշտ բոլոր հարցերում օգտակար է եղել հայ ժողովրդին ոչ միայն այստեղ, այլև արտերկրում: Եվ նման մեծ հայի, նման մեծ մարդու, որը կարողացել է իր աշխատանքի շնորհիվ հարստանալ, այդքան հզոր կապեր ունենալ, այդպիսի լավ միջոցառում կազմակերպելու համար այդպես քննադատե՞լ, անհասականալի է: Դա վայել չէ մեզ` որպես հայ ժողովուրդ», – ասել է Անդրանիկ Մանուկյանը:

Tekali Taxi