Home / Հայաստան / Մարտի 1-ի մասին Սերժ Սարգսյանի ելույթը չեն կապում Կոնգրեսի պահանջի հետ

Մարտի 1-ի մասին Սերժ Սարգսյանի ելույթը չեն կապում Կոնգրեսի պահանջի հետ

Վերջին երեք տարիների ընթացքում թե մարտի 1-ի դեպքերը, թե արդարադատության ոլորտում ցավալի խնդիրները մշտապես եղել են Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի` մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման վերաբերյալ երեկվա հայտարարությունը Հայ Ազգային Կոնգրեսի պահանջներից մեկի կատարում էր:

Շարմազանովի խոսքով` Սերժ Սարգսյանը կողմնակից է խնդիրները լուծել քաղաքակիրթ երկխոսության միջոցով, և «դա հասկանում են Կոնգրեսի մեր գործընկերները»:

«Իմ կարծիքով` քիքբոքսինգը պետք է մերժեն և անցնեն շախմատի: Քաղաքական դաշտում թույլատրելի չէ խոսել ուժի դիրքերից», – հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ երեկ  դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ անցկացրած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր 2008թ. մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքին:

«Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»,- դիմելով դատական իշխանությունների ներկայացուցիչներին և ուժային կառույցների ղեկավարներին` մասնավորապես, ասել էր Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi