Home / Հայաստան / Հայացք 80 տարի անց. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայոց Ցեղասպանության մասին

Հայացք 80 տարի անց. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայոց Ցեղասպանության մասին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունեցել 1995 թվականի ապրիլի 22-ին, Հայոց Ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում, որի ընթացքում խոսել է Օսմյանյան կայսրության կողմից իրականացված ոճիրի պատճառների, հայկական քաղաքական ուժերի մասնակցության և 1991 թվականից հետո ստեղծված իրավիճակի մասին: Ներկայացնում ենք ելույթը չնչին կրճատումներով.

«Ես չեմ հանդգնի մտնել Հայոց ցեղասպանության հետ կապված պատմական և իրավագիտական բարդ խնդիրների հորձանուտը, այլ պարզապես կբավարարվեմ մի քանի հայտնի ճշմարտությունների արձանագրմամբ, որը, իմ կարծիքով, հույժ անհրաժեշտ է արդի հայ հասարակության քաղաքական գիտակցության ձևավորման տեսակետից։

Պատմական փորձի ռացիոնալ յուրացման և անցյալի սխալները չկրկնելու առումով, կարծում եմ, ժամանակն է իրերը գնահատել սառը դատողությամբ՝ հրաժարվելով զգացական ընկալումներից և հոգեբանական պայմանականություններից։

1. Հայոց ցեղասպանությունն անտեղի է բացատրել հայ և թուրք ժողովուրդների կրոնական, էթնիկական, ոասայական անտագոնիզմով կամ տնտեսական և սոցիալական մրցակցությամբ, քանի որ Օսմանյան կայսրության մեջ ձևավորված modus vivendi-ն դարերի ընթացքում, համենայն դեպս, կարողացել էր ապահովել նրանց քիչ թե շատ խաղաղ համակեցությունը։ ճիշտ է՝ այդ համակեցությունը հիմնված էր կայսրության մահմեդական և քրիստոնյա ժողովուրդների ամենևին ոչ իրավահավասար դրության վրա, բայց պետությունը, համենայն դեպս, երաշխավորում էր որոշակի հավասարակշռություն։

Հայոց ցեղասպանությունը զուտ քաղաքական ծրագիր էր՝ թելադրված Օսմանյան կայսրության կոնկրետ պետական շահերից։
Բալկանյան ժողովուրդների ազատագրումից հետո հայկական հարցը եվրոպական գերտերությունների կամքով մտավ միջազգային քաղաքականության ոլորտը՝ ձևակերպվելով Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածում որպես Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարենորոգումների անցկացման ծրագիր։

Թուրքիայի համար այդպիսով պարգ դարձավ, որ ևս մեկ պատերազմ և նա կորցնելու է նաև Հայաստանը։ Դրանից խուսափելու միակ միջոցը հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն էր, որ թուրքական իշխանությունները մեթոդիկ կերպով իրականացրեցին 1878-1915 թվականների ընթացքում։

Հայ ժողովրդի բնաջնջման ծրագրի մտահղացման, մշակման և իրագործման ողջ պատասխանատվությունն ըստ այդմ կրում են սուլթան Համիդը և երիտթուրքերի կառավարությունը։

2. Եվրոպական գերտերությունները՝ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը 1878-1914 թվականների ընթացքում ոչ միայն որևէ գործնական քայլ չկատարեցին Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարենորոգումների ծրագրի իրականացման ուղղությամբ, այլև իրենց անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար։ Այսինքն՝ հայկական հարցի միջազգայնացմամբ գրգռելով օսմանյան իշխանություններին, գերտերություններն իրենց հոգնություն չպատճառեցին վայրկյան անգամ մտածել հայ ժողովրդի ֆիզիկական գոյության տարրական երաշխիքների մասին, որով և չափվում է Ցեղասպանության հարցում նրանց բարոյական, իսկ Գերմանիայի դեպքում նաև ուղղակի պատասխանատվության բաժինը։

3. Նկատի ունենալով Օսմանյան պետության և հայ ժողովրդի

ուժերի ակնհայտորեն անհակակշռելի հարաբերակցությունը, ինչպես

նաև Արևելյան հարցում գերտերությունների միջև գոյության ունեցող

հակասությունները, դժվար է չխոստովանել, որ կենաց-մահու այդ

պայքարում հայերն ի սկգբանե դատապարտված էին կործանման։

Հայ ժողովուրդն իր բոլոր կարողությունների գերլարմամբ հանդերձ ի զորու չէր վիժեցնելու Օսմանյան պետության մշակած հրեշավոր ծրագիրը, մանավանդ որ՝ հայերի մոտ, ցավոք սրտի, ակնհայտորեն բացակայում էր այդ ծրագրի գոյության գիտակցությունն անգամ։

4. Տիրապետող այն տեսակետը, թե հայ ժողովուրդը կարող էր խուսափել արհավիրքից, հրաժարվելով Թուրքիայի ներքին գործերին եվրոպական

երկրների միջամտությանը նպաստելու գաղափարից և փորձելով հայկական նահանգների բարենորոգումների հարցը լուծել թուրքական իշխանությունների հետ անմիջական համագործակցությամբ, կարծում եմ, հեռու է

իրատեսությունից, քանի որ, անկախ հայերի կամքից, եվրոպական պետություններն այլևս չէին կարող հրաժարվել հայկական նահանգների բարենորոգումների պատրվակով Թուրքիայի վրա ագդելու քաղաքականությունից։

Դրանով հանդերձ, պարտավոր ենք հավաստել, որ հայ քաղաքական մտքի երկու հոսանքներն էլ, այն է՝ կղերա-բուրժուական և հեղափոխական հոսանքները, թեև անհետևողականորեն, բայց ժամանակ առ ժամանակ փորձել են համագործակցել թուրքական իշխանությունների հետ, որի բարձրակետը Իթթիհադի և Հայ հեղափոխական դաշնակցության համագործակցությունն էր։ Այդ համագործակցության պատճաոով լիովին բթացվեց հայ ժողովրդի զգոնությունը, և 1908-1914 թթ. ժամանակամիջոցը բացարձակապես չօգտագործվեց ինքնապաշտպանության պատրաստվելու համար։

Որքան էլ դաոը լինի, պետք է խոստովանել, որ հայ քաղաքական մտքի երկու հոսանքներն էլ հասու չեղան ոչ միայն վիժեցնել հայ ժողովրդի բնաջնջման պետական ծրագիրը, որ, ինչպես վերը նշվեց, գրեթե անհնար էր, այլև գոնե տարրական միջոցներ ձեոնարկել նրա հետևանքները նվազագույնի հասցնելու համար։

5. Եթե ոչ Ցեղասպանությունից, ապա գոնե նրա կործանարար

հետևանքներից խուսափելու վերջին հնարավորությունը հայ ժողովուրդը կորցրեց 1914 թվականին, երբ էրզրումում գումարված Հայ հեղափոխական դաշնակցության 8-րդ ընդհանուր ժողովի որոշմամբ պարտավորություն ստանձնեց մասնակցել Օսմանյան կայսրությունում հայտարարված ընդհանուր զորահավաքին։

Մերժելով զորահավաքը, թեև, միևնույն է, հայ ժողովրդին չէր հաջողվելու կանխել ծրագրված հաշվեհարդարը, ավելին՝ դրանով լրացուցիչ ծանրակշիռ պատրվակ էր ստեղծվելու իշխանությունների բռնություններն արդարացնելու համար, այդուհանդերձ, պահպանելով զինական ուժը, շատ վայրերում, մասնավորապես, Տարոնում, հնարավոր էր կազմակերպել ավելի լուրջ ինքնապաշտպանություն և խուսափել իսպառ բնաջնջումից։

6. 1920 թվականին, շարունակելով պահպանել հավատարմությունը Անտանտի երկրներին, Հայաստանի Հանրապետության վարիչները չկարողացան ճիշտ գնահատել Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի հզորացմամբ ստեղծված նոր իրադրությունը, որի պատճաոով կորցրին թե՛ Հայաստանի անկախությունը, թե՛ նրա տարածքների մի մասը։ Մինչդեռ հայ թուրքական և հայ-ռուսական ուղղակի պայմանավորվածությունների միջոցով, ակնհայտորեն, Հայաստանի համար հնարավոր էր ապահովել ավելի բարեհաջող ապագա։

7. Այսօր Հայաստանը և Թուրքիան, որպես հարևան պետություններ, պարտավոր են հաստատել փոխշահավետ առևտրա-տնտեսական կապեր և բարիդրացիական հարաբերությունների միջոցով աստիճանաբար հաղթահարել պատմական հակասություններն ու վերականգնել հայ և թուրք ժողովուրդների փոխադարձ վստահությունը, որի համար կողմերից պահանջվում է դրսևորել համապատասխան քաղաքական կամք և բարոյական կեցվածք»։

Tekali Taxi