Home / Հայաստան / «Գործածելով քաղաքը». Երևանը ցանկանում են արտիստական տեսանկյունից ֆունկցիոնալ դարձնել

«Գործածելով քաղաքը». Երևանը ցանկանում են արտիստական տեսանկյունից ֆունկցիոնալ դարձնել

Ապրիլ 26-ից 30-ը լեհական The Other Space Foundation-ը, «AICA Հայաստան»-ը, «Արվարձան» մշակութային կենտրոնը և «Ուտոպիանա» հ/կ-ն քննարկումների, շնորհանդեսների, ցուցադրությունների, գործողությունների շարք են իրականացնելու մեկ ընդհանուր խորագրի ներքո` «Գործածելով քաղաքը»: Ցուցահանդեսների համադրողը Եվա Խաչատրյանն է: Գործողությունները, ցուցահանդեսներն ու քննարկումները կայանալու են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցում, «AJZ տեղ» կենտրոնում, ինչպես նաև քաղաքի տարբեր տեղանքներում:

«Գնահատելով Հայաստանի քաղաքական ու սոցիալական ներկա իրավիճակը, մենք կարող ենք փաստել հանրային գիտակցության ի հայտ գալու և 2008 թ. մարտի 1-ից հետո դրա բացահայտ դառնալու մասին: Դիմադրությունն  արտահայտվում է նաև սոցիալական և մշակութային մակարդակներում, քաղաքական ցույցերին զուգահեռ: Իրենց հերթին, սոցիալ-մշակութային փոփոխությունները ծնում են հանրային միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտություն:

Մյուս կողմից, արվեստագետներից և համադրողներից շատերը չեն կարողանում իրենց գործունեությանը համապատասխան ցուցասրահներ գտնել, ուստի այլընտրանքային վայրերի ստեղծման մեծ անհրաժեշտություն կա: Ներկա նախագիծը միջոցառումներ է սկսում քաղաքային տարածքներում` լքված շինություններում և գործարաններում, դատարկ տարածություններում և հանրային վայրերում, որոնք կբերեն ժամանակակից արվեստի ներկայացման այլընտրանքային ուղիների ստեղծմանը», – ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ:
Կազմակերպիչները նշում են, որ ներկայիս իրավիճակը հիշեցնում է 80-ականները, «պերեստրոյկայի» ընթացքն ու դրան նախորդող շրջանը, երբ արվեստագետները ցուցահանդեսներ էին կազմակերպում լքված շենքերում ու զբոսայգիներում, քանզի տարածքներ չկային ավանգարդ կամ ժամանակակից արվեստի համար: 90-ականներին, մեկը մյուսի ետևից երևան եկող հաստատությունների շքերթը նպաստեց ինստիտուցիոնալ «բումին»: Այդ հաստատությունների մի մասն այսօր փակ է, մյուսները ֆինանսավորման խնդիրներ ունեն:

«Հետևաբար, արդիականացնելով բացօթյա ցուցադրություններն ու site-specific նախագծերը, մենք կոչ ենք անում ստեղծել համագործակցության և ստեղծագործականության վրա հիմնված նոր ինստիտուցիոնալ կառույցներ: Նախագծի գլխավոր նպատակը արտիստական գործունեության համար բաց եւ մատչելի տարածքների որոնումն է` քաղաքային տարածության հետազոտության միջոցով: Նախագծի ընթացքում մենք կփորձենք արտիստական տեսանկյունից ֆունկցիոնալ դարձնել քաղաքը: Ժամանակակից արվեստի ցուցադրությունների իրականացման համար դա նաև նոր վայրեր գտնելու հնարավորություն է ընձեռում արվեստագետներին և համադրողներին», – նշում են կազմակերպիչները:

Նշենք,որ նախագիծն իրականացվում է «Տրանսկովկաս» մշակութային միջոցառման շրջանակներում (www.transkaukazja.eu), որը մեկնարկել է Վարշավայում,  2004-ին: Նախագիծը ֆինանսավորվել է Եվրախորհրդի աջակցությամբ, 2007-2013 թթ. Մշակութային ծրագրի շրջանակներում:

Լուսանկարը` Մարինա Մկրտչյանի

Tekali Taxi