Home / Հայաստան / Էմմին պատրաստ է համերգներ տալ Ադրբեջանում հրավերի դեպքում

Էմմին պատրաստ է համերգներ տալ Ադրբեջանում հրավերի դեպքում

Այս տարի «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին պատրաստ է մրցույթի շրջանակներում համերգով հանդես գալ Ադրբեջանում, եթե, իհարկե, հրավեր ստանա հարևան երկրից:  News.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է երգչուհի Էմմին` անդրադառնալով «Կոմսոմոլսկայա Պրավդա-Ուկրաինա»-ի այն հրապարակմանը, որում «Եվրատեսիլ-2011»-ի ադրբեջանցի մասնակիցներ Էլդար Գասիմովը և Նիգյար Ջամալը պատրաստակամություն են հայտնել ժամանել Հայաստան. «Մենք միշտ էլ հրավերների ենք սպասում բոլոր երկրներից: Երաժշտությունը, մշակույթը ազգության հարց չեն: Մենք ամենուր էլ ուրախ կլինենք մասնակցել համերգների»:

Երգչուհու խոսքով` երաժշտությունը ո՛չ քաղաքականություն, ո՛չ ազգություն, ո՛չ էլ ուրիշ հանգամանքներ չի ճանաչում։ «Ինձ այդ առումով ոչ մի բան չի խանգարում, որովհետև քաղաքականությամբ երբեք չեմ հետաքրքրվել։ Եթե Ադրբեջանի եվրատեսիլյան պատվիրակության կողմից համերգներով հանդես գալու հրավեր լինի, չեմ մերժի առաջարկը։ Դա չի նշանակում, որ ես հայրենասեր չեմ, չեմ սիրում և հարգում իմ հայրենիքը, արհամարհում եմ նրան։ Հակառակը, իմ շատ արարքներով տարիներ շարունակ զինծառայողների և ոչ միայն նրանց համար երգելով՝ ծառայել եմ իմ հայրենիքին։ Եթե ես համերգներով մեկնեմ Ադրբեջան, չի նշանակում, որ որևէ բան կփոխվի։ Մի շատ լավ ֆիլմում ասվում է՝ «Մուզիկանտ պոլիտիկա նիխտ», ես հենց այդպես էլ պատասխանում եմ։ Բացի այդ, իմ ծնողներից բազմիցս լսել եմ, որ իրենց ժամանակներում ադրբեջանցի երգիչների և արվեստագետների հետ համագործակցության շատ դեպքեր են եղել։ Քաղաքականության հետ կապված որևէ հանգամանք նրանց այն ժամանակ էլ չի խանգարել»,- պատմեց Էմմին՝ հավելելով, որ իրեն ոչ մի բան չի կարող խանգարել ասելու, որ անկախ ազգությունից այս կամ այն մարդը լավ երաժիշտ է։

Tekali Taxi