Home / Հայաստան / ԲՀԿ-ում կարծում են, որ ընտրություններին միասնական ցուցակով գնալն անտրամաբանական է

ԲՀԿ-ում կարծում են, որ ընտրություններին միասնական ցուցակով գնալն անտրամաբանական է

«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում Ազգային Ժողովի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխխոսնակ Սամվել Բալասանյանը խոսել է իր կուսակցության` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Պատասխանելով այն հարցին, թե ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե գալիք խորհրդարանական ընտրություններում իշխող կոալիցիան գնալու է միասնական ցուցակով` Բալասանյանն ասել է.

«Կարծում եմ` միասնական ցուցակներով ընտրությունների գնալն անտրամաբանական է, քանի որ և ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ունեն իրենց կայուն ընտրազանգվածները: Խոշոր քաղաքական ուժերի և ինքնուրույն խաղացողների պարագայում միասնական ցուցակներ չեն կազմվում: Որպես կանոն, միասնական կարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնում են փոքր և մանր կուսակցությունները, որոնք առանձին մասնակցության դեպքում շանս չունեն խորհրդարանում ներկայացված լինելու»:

Միևնույն ժամանակ «168 ժամ» պարբերականը մեջբերում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի կարծիքը նախօրեին խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մասին, ով նշել էր, որ ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին, այսինքն` առանց կոալիցիոն գործընկերների:

Սաֆարյանն ասել է, թե առանձին մասնակցելու մասին հայտարարություններն իր գործընկերների «մտայնությունն ու ցանկությունն» են:

«Միաժամանակ ուզում եմ ասել, որ քանի որ մենք համոզված ենք, որ ամեն ինչ լավ է իր ժամանակին, գալիք ընտրությունների հետ կապված հարցերը սկսելու ենք դիտարկել ոչ շուտ, քան խորհրդարանական արձակուրդներից հետո: Այն ժամանակ է սկսվելու մեր վերլուծական խմբի աշխատանքը նախընտրական պլատֆորմի վրա»,- հավելել է Սաֆարյանը:

Tekali Taxi