Home / Հայաստան / Աշակերտին հայհոյած ու ճանկռած տնօրենն ազատվել է աշխատանքից

Աշակերտին հայհոյած ու ճանկռած տնօրենն ազատվել է աշխատանքից

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2011թ. ապրիլի 30-ից  դադարեցվել են Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի  լիազորությունները տնօրենի պաշտոնում:

Աշոտյանի ևս մեկ հրամանով Սուսաննա Նազարյանին հայտարարվել էր խիստ նկատողություն:

Հիշեցնենք, որ Էջմիածնի թիվ 2-րդ դպրոցի 10-րդ դասարանի նախկին աշակերտ Ա. Հարությունյանը 2010թ. դեկտեմբերից ենթարկվել էր դպրոցի տնօրենի որդու և վերջինիս ընկերախմբի հետապնդումներին, իսկ 2011թ. հունվարի 31-ին` ծեծի ենթարկվել:  Հաջորդ օրը դպրոցի տնօրենը Հարությունյանին դասարանի բոլոր աշակերտների ներկայությամբ հայհոյել է, ծեծի ենթարկել և եղունգներով ճանկռել նրան` այնուհետև նրան պարտադրելով տեղափոխվել այլ դպրոց, իսկ նրա տատին` Բ. Եղիազարյանին,  ով նաև հիշյալ դպրոցում աշխատում է որպես պատմության ուսուցչուհի, մանկխորհրդի նիստում հայտարարել է խիստ նկատողություն:

Ավելի վաղ ԿԳ նախարար Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ տնօրենի` իր պաշտոնում մնալը որևէ կապ չունի այն հանգամանքի հետ, որ վերջինս  Հանրապետական կուսակցության անդամ է:

«Կպաշտոնավարի՞ արդյոք այդ տնօրենը` կախված է երկու հանգամանքից` քրեական գործի ընթացքից, և մեր վերջնական դիրքորոշումից` արդյո՞ք այս ամենից հետո կա վստահության մթնոլորտ»,- ասել էր Աշոտյանը:

Tekali Taxi