Home / Հայաստան / Հոլանդացի երիտասարդը Եվրոպայի ուշադրությունը կհրավիրի Հայաստանի վրա

Հոլանդացի երիտասարդը Եվրոպայի ուշադրությունը կհրավիրի Հայաստանի վրա

Հայաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն քաղբանտարկյալներին,  նրանք այլ ճանապարհ չունեն. այս իրավիճակը չի կարող հավերժ տևել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Եվրոպական Լիբերալ երիտասարդական կազմակերպության անդամ, Հոլանդիայի ներկայացուցիչ Բեն Բուրգերսը, ով Հայաստան է ժամանել երկրի քաղաքական իրավիճակին ծանոթանալու և դրա մասին զեկույց պատրաստելու նպատակով:

«Ես եկել եմ այստեղ ավելի մանրամասն ծանոթանալու 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին: Ուսումնասիրում եմ այն երևույթները, որոնք այս կառավարությանը բերեցին իշխանության», – ասել է Բուրգերսը:

«Ես պատրաստվում եմ գրել մի բանաձև և ներկայացնել այն Եվրոպական Լիբերալ երիտասարդական կազմակերպությանը: Հունիսին մենք պատրաստվում ենք մեկ այլ` ավելի ծավալուն միջոցառում կազմակերպել` քննարկելու Հայաստանում, ինչպես նաև Վրաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակը», – նշել է նա:

Բուրգերսի կարծիքով` այս զեկույցը օգտակար կլինի, քանի որ Եվրոպայում մեծ ուշադրություն չկա Հայաստանի դեպքերի նկատմամբ, ինչը, նրա խոսքով, կապված է Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տիրող ներկա իրավիճակի հետ:

«Հույս ունեմ, որ ավելի մեծ միջազգային ճնշումը կօգնի համոզել կառավարությանը, որ այն, ինչ նրանք անում են, դեմ է մարդու իրավունքներին: Չէ՞ որ Հայաստանը անդամակցում է Եվրոպայի Խորհրդին, և նրանք ստիպված են հարգել ժողովրդի իրավունքը, ազատ կամարտահայտության և քաղաքական հայացքներ ունենալու իրավունքը», – ասել է Բուրգերսը:

Tekali Taxi