Home / Հայաստան / Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը կարող են միավորվել Քոչարյանի դեմ. Մուսաբեկով

Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը կարող են միավորվել Քոչարյանի դեմ. Մուսաբեկով

Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների մոտ ընդդիմության հետ հարաբերություններ հարթելու ակնհայտ միտում է նկատվում, Հայաստանում հասարակական-քաղաքական իրավիճակը 1news.az-ի հետ զրույցում մեկնաբանել է Միլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

«Ակնհայտ է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ՀԱԿ-ի ղեկավար, ընդդիմության առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ Հայաստանի ներկայիս իրավիճակի վերաբերյալ քիչ թե շատ  ընդհանուր մոտեցում գոյություն ունի, այսինքն` նրանք խոսելու նյութ ունեն:

Հայաստանում իրավիճակի վրա ազդող պակաս կարևոր գործոն չէ ղարաբաղյան հակամարտությունը և պաշտոնական Երևանի վրա գործադրվող ճնշումը դրա լուծման հարցում»,-ասել է Մուսաբեկովը:

«Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցույց է տվել, որ լուրջ ուժ է հանդիսանում երկրի քաղաքական հարթակում, իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ առաջիկայում նախագահական ընտրություններ են սպասվում, Հայաստանի իշխանությունները ցանկանում են ընդհանուր լեզու գտնել նաև նրա հետ:

Այս նպատակով Սերժ Սարգսյանը ռևերանսներ է անում Տեր-Պետրոսյանի կողմը` արտոնում է հանրահավաքները, բանտերից մարդկանց է ազատում` ձգտելով ընդդիմության կողմից զիջումների հասնել և երկխոսություն հաստատել: Հայաստանի աղետալի սոցիալական և տնտեսական իրավիճակը ստիպում է իշխանություններին աջակցություն փնտրել ընդդիմության մեջ»,- նշել է պատգամավորը:

«Մեկ այլ կարևոր հարց, որը միավորում է Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները, դաշնակներին և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին խաղադաշտից հեռացնելու ձգտումն է, ով երկուսի համար էլ լուրջ մրցակից է:

Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև լուռ երկխոսությունն արդեն ընթանում է, այդ իսկ պատճառով մնում է միայն հետևել` ինչով կավարտվի այս ամենը: Այժմ միայն փոխադարձ զիջումներ և ռևերանսներ են նկատվում»,- եզրափակել է Ռասիմ Մուսաբեկովը:

Tekali Taxi