Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը զարմանում է, որ Թուրքիայում չեն գիտակցում Սփյուռքի ով լինելը

Սերժ Սարգսյանը զարմանում է, որ Թուրքիայում չեն գիտակցում Սփյուռքի ով լինելը

Պաշտոնական այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բեռնում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ, որից հետո երկու երկրների ղեկավարները ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են հանդիպման արդյունքները:

Սերժ Սարգսյանը նշել է, որ իր շվեյցարացի գործընկերոջն առաջարկել է փոխշահավետ գործընկերային հիմունքներով համագործակցություն իրականացնել ոսկերչության, ժամագործության,  գյուղատնտեսության, ինչպես նաև զբոսաշրջության, կրթության և գիտության, մշակույթի բնագավառներում՝ բնականաբար խրախուսելով այդ ոլորտների ներկայացուցիչներին կատարելու իրենց բիզնես ծրագրերը:

«Տիկին Կալմի-Ռեյի հետ մտքեր փոխանակեցինք նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ: Այս առիթով, ես չեմ հոգնում լրացուցիչ անգամ երախտիքի խոսք հղելու բարեկամ Շվեյցարիային և հատկապես նախագահ տիկին Կալմի-Ռեյին՝ որպես միջնորդ կողմ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացում իր  անգնահատելի անձնական ջանքերի համար: Մեր ցանկությունն էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել: Ցավոք, Թուրքիայի բարձրաստիճան այրերն ամեն ինչ անում են` այդ ցանկությունն օտարելու համար: Ստորագրված արձանագրությունների վավերացման ուղղությամբ քայլեր կատարելու փոխարեն՝ Թուրքիան միջազգային բարձր ամբիոններից շարունակում է Հայաստանի ու Սփյուռքի միջև սեպ խրելու իր անհեռանկար ջանքերը: Եվ որքան շարունակվեն այդ ջանքերը, այնքան նվազելու է կարգավորման գործընթացի նկատմամբ մեր վստահության` առանց այդ էլ նվազագույնի հասած պաշարը», – ասել է երկրի ղեկավարը:

Նա նշել է, որ զարմանում է, որ Թուրքիայում քաջ չեն գիտակցում, որ ցեղասպանության արդյունքում ձևավորված Սփյուռքը Հայաստանի և հայ ժողովրդի անբաժան մասն է:

«Սփյուռքահայերն աշխարհով մեկ սփռված Հայաստանի դեսպաններն են, ինչպես Շվեյցարիայում մեր դեսպան աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը, իսկ շատերն էլ գործում են հոգու կանչով և հասարակական հիմունքներով: Լինելով իրենց ապաստան տված երկրների արժանավոր քաղաքացիներ՝ նրանք կարողանում են իրենց ներդրումը բերել նաև մեր երկրի առաջխաղացմանն ու զարգացմանը: Հայաստանի պետականության վերականգնման առաջին իսկ օրվանից մեր հայրենակիցները ողջ աշխարհում իրենց գործով են ապացուցել, որ Հայրենիքի առաջընթացն իրենց գերագույն երազանքն է: Այս համատեքստում ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ՝ կարևորագույն հանգամանքի վրա։  Շվեյցարիայի միջնորդական առաքելությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում լավագույնս փաստում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն այսրոպեական բացասական շղարշ է գցում Թուրքիայի և ցեղասպանությունը ճանաչած  պետությունների հարաբերություններում: Ինչպես մենք համոզվեցինք՝ ցեղասպանության ճանաչումով Շվեյցարիան դատապարտել է այդ զարհուրելի ոճիրը մարդկության դեմ, և դրանով իսկ արդարության, պատմական անհերքելի փաստերի և մարդու իրավունքների գերակայության համահունչ հաղթանակ տարել աշխարհաքաղաքական և ռազմատնտեսական բոլոր նկատառումների հանդեպ։ Սակայն ամենաէականն է, որ դա բոլորովին չի խանգարել նույն Շվեյցարիային կարճ ժամանակ անց սատար կանգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործին։ Շվեյցարիայի օրինակն այս առումով, իհարկե, լավագույնն է և պետք է ուսանելի դառնա աշխարհի շատ ու շատ երկրների համար», – նշել է Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi