Home / Հայաստան / Բնապահպանն ընդդեմ ոստիկանության «շոու»-դատը հետաձգվեց

Բնապահպանն ընդդեմ ոստիկանության «շոու»-դատը հետաձգվեց

Վերաքննիչ դատարանում այսօր հետաձգվեց բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայցի քննությունն ընդդեմ ոստիկանության: Պատճառն այն էր, որ նիստին չէին ներկայացել ո՛չ ոստիկանության ներկայացուցիչը, ոչ էլ Սուխուդյանի փաստաբանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:

Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը դեռ անցյալ տարի հայց էր ներկայացրել ՀՀ ոստիկանության դեմ` պահանջելով 1 մլն դրամ որպես բարոյական վնասի փոխհատուցում, քանի որ ոստիկանությունը` ի դեմս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայադ Շիրինյանի, «խախտել է իր անմեղության կանխավարկածը»:

Նուբարաշենի հատուկ դպրոցի ուսուցչի կողմից սաների նկատմամբ անբարո գործողություններ կատարելու շուրջ Մարիամ Սուխուդյանի ահազանգով բարձրացած աղմուկի ժամանակ, երբ քրեական գործ էր հարուցվել ակտիվիստի նկատմամբ` «Սուտ մատնություն» հոդվածով, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Սուխուդյանը « անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց եւ անչափահասներին դրդել պատժելի արարքների»: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանն էլ «Տարեգիր» թերթին տված հարցազրույցում Սուխուդյանին անվանել էր «հանցագործ»: Հետագայում, սակայն, ապացուցվել էր Սուխուդյանի անմեղությունը. նրա նկատմամբ քրգործը կարճվել էր, իսկ հատուկ դպրոցի մանկապիղծ ուսուցիչը դատապարտվել 3 տարվա ազատազրկման:

Սուխուդյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության արդեն մի քանի դատական ատյան է անցել: Այս տարեսկզբին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կարճեց Սուխուդյանի հայցը Հայաստանում բարոյական վնասի փոխհատուցման նորմի բացակայության պատճառով։ Այնուհետեւ ակտիվիստը բողոք ներկայացրեց Վերաքննիչ դատարան` բողոքարկելով ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

«Այստեղ ուղղակի շոու է` մերժելու են», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Սուխուդյանը: – «Մեր նպատակն է անցնել բոլոր ատյանները Հայաստանում և դիմել Եվրադատարան»:

Tekali Taxi