Home / Հայաստան / «Արթիկ» ՔԿՀ-ում լրագրողներին թույլ չեն տալիս նկարահանել Փաշինյանի գործով նիստը

«Արթիկ» ՔԿՀ-ում լրագրողներին թույլ չեն տալիս նկարահանել Փաշինյանի գործով նիստը

Այսօր 12:00-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունն ընդդեմ «Կոշ» ՔԿՀ-ի: Հիշեցնենք, որ Փաշինյանը վարչական դատարանից պահանջել է չեղյալ համարել «Կոշ» ՔԿՀ պետի 2010 թվականի նոյեմբերի 16-ին կայացրած` իրեն կարգապահապան տույժի ենթարկելու մասին որոշումը:

Նիստից առաջ լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել քրեակատարողական հիմնարկ տեսախցիկներով և լուսանկարչական ապարատներով: «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներն ասել են, որ դա դատավորի որոշումն է, թեև այդ պահին դատական նիստը դեռևս մեկնարկած չի եղել: Չնայած լրագրողների պնդումներին, «Արթիկի» աշխատակիցները ստիպել են տեսախցիկները թողնել մեքենաներում և միայն դրանից հետո թույլ են տվել մուտք գործել ՔԿՀ:

Նշենք, որ նախկինում նման խոչընդոտներ չեն եղել և ֆոտոլրագրողներն ու օպերատորները մշտապես հնարավորություն են ունեցել նկարահանելու նիստի ընթացքը: Առաջին անգամ նման միջադեպ է տեղի ունեցել ապրիլի 14-ին, երբ «Արթիկում» քննվում էր Նիկոլ Փաշինյանի նույն հայցը: Այն ժամանակ քաղբանտարկյալը միջնորդություն էր ներկայացրել դատավորին` պահանջելով թույլ տալ լրագրողներին նկարահանել նիստի ընթացքը, սակայն դատավորը մերժել է միջնորդությունը:

Tekali Taxi