Home / Հայաստան / Մայիսի 13-ին Կաթողիկեի մոտ կբողոքեն շինարարության դեմ

Մայիսի 13-ին Կաթողիկեի մոտ կբողոքեն շինարարության դեմ

Երևանի կենտրոնում գտնվող, բազմաթիվ երկրաշարժերին և սովետական մսաղացին դիմակայած Ս. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցին (13-րդ դ.) այսօր վտանգված է: Այս անգամ խոսքը ոչ թե քանդելու մասին է, այլ`  պատմական միջավայրի աղճատման: Այս մասին ասված է Facebook սոցիալական ցանցում «Հիմա» երիտասարդական նախաձեռնության կողմից ստեղծված «Կաթողիկեի մոտ շինարարության դեմ բողոքի ակցիա» էջում:

Նախաձեռնողները ուրբաթ օրը` մայիսի 13-ին, ժամը 19:00-22:00-ին ակցիա են անցկացնելու Կաթողիկեի մոտ:
«Նոր նախագծով նախատեսվում է փոքրածավալ կաթողիկեին կից կառուցել ծավալով տասնապատիկ անգամ ավելի մեծ Ս. Աննա եկեղեցին, իսկ մի քանի մետր հեռավորության վրա` եռահարկ կաթողիկոսական երևանյան նստավայրը: Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են: Թե նոր եկեղեցու, թե նոր նստավայրի դեպքում կիրառվել է բավականին ակտիվ ճարտարապետություն, որը ամբողջովին ճնշում է փոքրածավալ ու զուսպ ճարտարապետությամբ Կաթողիկե եկեղեցուն»,- ասված է հայտարարության մեջ:
Ակցիայի կազմակերպիչները գտնում են, որ կառուցվող շինություններն իրենց ծավալով ազդում են ոչ միայն Կաթողիկեի, այլ ամբողջ խաչմերուկի ու շրջակա ճարտարապետության վրա, և պահանջում են անհապաղ դադարեցնել շինարարությունը և մշակել տարածքի բարեկարգման ավելի ընդունելի նախագիծ:

Լուսանկարը` tsirani.blogspot.com-ից

Tekali Taxi