Home / Հայաստան / Երևան բրենդը ընդհանրապես ներկայացված չէ աշխարհում. քաղաքապետ

Երևան բրենդը ընդհանրապես ներկայացված չէ աշխարհում. քաղաքապետ

Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման հիմնական մոտեցումներն ու ծրագրերն են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և զբոսաշրջային ու այդ ոլորտի շահագրգիռ ավելի քան 90 կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

Քաղաքապետն ընդգծել է, որ զբոսաշրջային հնարավորությունների թիրախավորված առանձնահատկությունները պետք է մատնանշեն այդ ոլորտում մասնագիտացած մասնավոր ընկերությունները:

Կարևորելով Երևանի զբոսաշրջության զարգացման հրամայականը, ինչպես նաև մայրաքաղաքի զբոսաշրջային միասնական հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը` Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է փոխգործակցել շահագրգիռ բոլոր կառույցների հետ. «Երևանն աշխարհին ներկայանալու լավ հնարավորություններ ունի, բայց, ցավոք, այդ ամենը շատ վատ է կազմակերպված: Ըստ էության, Երևան բրենդը ընդհանրապես ներկայացված չէ աշխարհում, ու դա, կարծում եմ կհամաձայնեք, որ հիմնականում ձեր բացթողումն է: Մենք պատրաստ ենք լսել կառուցողական ցանկացած առաջարկ, որպեսզի միասին կարգավորենք այս դաշտը»,- նշել է քաղաքապետը:

Կարեն Կարապետյանը գործակալություններին առաջարկել է ակտիվորեն համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ, ներկայացնել ծրագրային հստակ առաջարկներ, ինչպես նաև կարծիքներ, թե ինչ սպասելիքներ ունեն զբոսաշրջային գործունեության դաշտում ներգրավված ընկերությունները քաղաքապետարանից` Երևանը զբոսաշրջության առումով առավել գրավիչ դարձնելու հարցում:

Ընկերությունների ներկայացուցիչները խոստացել են առաջիկայում առավել հստակ առաջարկների փաթեթ ներկայացնել, հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Tekali Taxi