Home / Հայաստան / Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը խմբակային շահ է հետապնդում. ՀՀ ԱԺ նախկին նախագահ

Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը խմբակային շահ է հետապնդում. ՀՀ ԱԺ նախկին նախագահ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, ով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, «168 ժամ» պարբերականի հետ զրույցում խոսել է ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունների, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի կողմից «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հնչեցրած տեսակետի մասին:

Իշխանությունների և ՀԱԿ-ի միջև սկիզբ առած այս երկխոսությունը անհրաժե՞շտ էր ներքաղաքական կամ հասարակության մեջ գոյություն ունեցող բևեռացումը, լարվածությունը թուլացնելու համար:

– Ցավոք սրտի, մեր երկրում քաղաքական ուժերի ղեկավարներն ամենավերջինը հաշվի են առնում հասարակության կարծիքն ու ցանկությունները, նրանում առկա խնդիրները: Նույնն է իրավիճակը և այդ զարգացումների հետ կապված, որը ոմանք համարում են երկխոսություն: Այն բնութագրելու համար չպետք է մոռանալ, թե ինչ է տեղի ունեցել վերջին երեք տարիների ընթացքում: Առաջացել են բազմաթիվ հարցեր, որոնք պետք է պատասխաններ ստանան: Առանց այդ ատասխանների`հայտարարել, թե արդեն նոր մթնոլորտ է ձևավորվել, երկխոսություն է սկսվել , երեսպաշտություն է: Երկուստեք տրվել են ամենակոպիտ գնահատականները, որոնք հաճախ վերածվել են քրեական մեղադրանքների ու հայհոյանքի: Եվ  հանկարծ, առանց բացատրության, սկսվում են հարաբերություններ «նոր տողից»: Ընդ որում, իշխանությունները ձևավորվել են ոչ թե երեկ, այլ երեք տարի առաջ: Բնականաբար հարց է առաջանում`նախորդ որակումները ճի՞շտ էին, թե՞ սխալ: Եթե ճիշտ էին, ապա կարելի՞ է, նման որակավորումների դեպքում  խոսել երկխոսության ու քաղաքակիրթ հարաբերությունների մասին:

– Այնուամենայնիվ, իշխանության և ՀԱԿ-ի միջև սկսված այս երկխոսությունը ինչի՞ արդյունք է:

– Սոսկ խմբակային շահ հետապնդելու արդյունք է: Երկու կողմերին էլ լիովին բավարարում է այս իրավիճակի, ուժերի հարաբերակցության պահպանումը մինչև ընտրություններ: Սա է իրականությունը, բայց համոզված եմ, որ դա շատ երկար պահպանել հնարավոր չի լինի, որովհետև ի վերջո իրադարձությունների զարգացումը բերելու է նրան, որ կողմերից որևէ մեկը կամ երկուսն էլ ինչ-որ քայլեր անեն այս կեղծ հավասարակշռությունը խախտելու համար:

– Ընդդիմության բարձրացրած հարցերից էր նաև արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանը, որ անօրինական են համարում: Ռ. Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասել էր, թե դա համաձայնեցրել է ԱԺ նախագահի և վարչապետի հետ: Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ այն օրինական էր և ճիշտ լուծում`այդ պահի համար:

– Ի տարբերություն շատերի` ես օրումեջ կամ տարին մեկ իմ մոտեցումներն ու կարծիքները չեմ փոխում, որովհետև ի սկզբանե փորձում եմ դրանք ձևավորել հիմնավոր փաստերի վրա: Իհարկե արտակարգ դրություն մտցվել է Սահմանադրության համաձայն, այդ քայլն օրինական էր և անհրաժեշտ , քանի որ արդեն կային վիրավորներ և զոհեր: Ինչպես նախկինում էլ բազմիցս ասել եմ, համոզված եմ, որ եթե արտակարգ դրություն չմտցվեր, իրադարձություններն այնպես էին զարգանում , որ մարդկային զոհերի թիվն ավելի մեծ կլիներ: Իսկ դա ամենակարևոր հարցն էր, որովհետև ամենաթանկ բանը մարդու կյանքն է: Նրանք, ովքեր վերջին խոսքերով իրար հայհոյում էին, այսօր փորձում են սիրահետել միմյանց: Բայց զոհված մարդկանց ոչ ոք չի կարող վերադարձնել: Ակնհայտ է, որ ամենամեծ կորուստը այդ 10 մարդիկ են: Եվ ես համոզված եմ, որ արտակարգ դրություն մտցնելով`հաջողվեց կանխել նոր ողբերգություն`մարդկանց կյանք փրկել: Ի դեպ, երբ այդ հարցը քննարկվում էր Ազգային Ժողովում, որևէ պատգամավոր Ազգային Ժողովի կանոնակարգով նախատեսված առարկություն չներկայացրեց հետևաբար` իրավական առումով բոլորն էին համաձայն արտակարգ դրություն մտցնելուն:

– Մարտի 1-ի գործովգ դատավարությունների ընթացքում կալանավորվածներից ոմանք հայտարարեցին, թե աշխատում էին Ս. Սարգսյանի համար: Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, իշխանությունների կողմիցսադրիչ գործողություններ են եղել, որ մեքենաների հրդեհումները , թալանը պարզապես կազմակերպվել էր, որ արտակարգ դրության համար հիմք լինի:

-Չե՞ք կարծում, որ այդ հարցը պետք է տաք նրանց, ում մասին խոսում եք:

Tekali Taxi