Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի հանգիստը, Կարեն Կարապետյանի ընտրվելը` ըստ Նիկոլ Փաշինյանի

Սերժ Սարգսյանի հանգիստը, Կարեն Կարապետյանի ընտրվելը` ըստ Նիկոլ Փաշինյանի

Ապրիլի 27-ին Epress.am լրատվական կայքը լրատվամիջոցների ակցիայի շրջանակներում 6 հարց էր ուղղել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Այս շաբաթվա ընթացքում Epress.am-ը ներկայացնում է Փաշինյանի պատասխանները:

Հարց.

Եթե իշխանափոխություն տեղի ունենա, ներկա իշխանությունից ովքե՞ր կարող են ներգրավված լինել երկրի կառավարման մեջ և ի՞նչ պաշտոններում: Լևոն Տեր-Պետրոսյանը 2007-2008թթ-ին նշում էր, որ Սերժ Սարգսյանը 90-ականներին վատ չէր կատարում իր պարտականությունները (լավ ֆունկցիոներ էր): Ի՞նչ պաշտոնում եք տեսնում, օրինակ, Սերժ Սարգսյանին իշխանափոխությունից հետո:

Պատասխան.

Սերժ Սարգսյանը երկար է աշխատել պետական կառավարման համակարգում և կարծում եմ` տևական հանգստի կարիք ունի:

Այսօրվա բարձրաստիճաններից շատերը կարող են օգտակար լինել որպես օրինակ, թե ինչպիսին չպիտի լինի Ազատ և Երջանիկ Հայաստանի պետական պաշտոնյան: Բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Եթե խոսում ենք քաղաքական և ընտրովի պաշտոնների մասին, քավ լիցի, մեր պայքարի նպատակը ամենևին էլ այն չէ, որ Հայ ազգային կոնգրեսը քաղաքական դեմքերի ճակատագիրը որոշելու արտոնություն ունենա: Մեր նպատակը մեկն է. իշխանություն ձևավորելու, այսինքն`քաղաքական դեմքերի տեղն ու դերը որոշելու բացառիկ իրավունքը վերադարձնել ժողովրդին. անշրջելիորեն: Այնպես, որ ի վերջո մեր երկրում փակվի, արմատախիլ լինի ընտրությունների կեղծման թեման, պրակտիկան:

Հայ ազգային կոնգրեսը այս նպատակն է հետապնդում. ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային, ժողովրդավարական ընտրությունները մեր հանրային, քաղաքական, պետական կյանքի անքակտելի, անխորտակելի, անառարկելի մասը դարձնելու նպատակը, ժողովրդի ազատ կամարտահայտությունը իշխանության միակ աղբյուր դարձնելու նպատակը:

Մնացածը` թե ով որտեղ լինի, ժողովրդի լուծելիք հարցն է: Եթե ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ` հավասար պայմաններում գտնվող թեկնածուների միջից Երևանի քաղաքապետ կընտրի Կարեն Կարապետյանին` ես կընդունեմ այդ որոշումը անկախ նրանից, թե որքանով եմ համաձայն նրա հետ: Եթե համաձայն չեմ` ինձնից կախվածը կանեմ, որ հաջորդ ընտրություններում ժողովուրդը այլ թեկնածուի ընտրի: Եթե կրկին Կարեն Կարապետյանին ընտրի, ես միևնույն է ինձ բավարարված կզգամ, ոչ թե այն պատճառով, որ Կարեն Կարապետյանն է ընտրվել, այլ այն պատճառով, որ ժողովո՛ւրդն է ընտրել:

Մեր նպատակը ոչ թե ընտրվողներն են, այլ ընտրողները: Վերջինիս ազատ կամարտահայտումն է, որ վատ պաշտոնյաներին փոխարինելու է լավերով: Մեր նպատակը, ահա, այդպիսի կամարտահայտման անշրջելի հաղթանակին հասնելն է և ոչ թե մեր սուբյեկտիվ ճաշակները ժողովրդի վզին փաթաթելը:

Tekali Taxi