Home / Հայաստան / Գերմանական արմատներով Արմավիրի բնակչուհին Սերժ Սարգսյանին խնդրում է թույլ տալ իրեն լքել Հայաստանը

Գերմանական արմատներով Արմավիրի բնակչուհին Սերժ Սարգսյանին խնդրում է թույլ տալ իրեն լքել Հայաստանը

Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակչուհի Լուսինե Մնացականյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մեծարգո պրն. Նախագահ, խորին հարգանքով Ձեզ դիմում է մի կին, որին դեռ վաղ մանուկ հասակում որդեգրել է մի հայ ընտանիք և որն իր գերմանական արմատների մասին իմացել է բավականին ուշ` չնայած շրջապատի տարակուսանքը իմ արտաքինի, մաքուր հայերենի և հայկական ազգակրոն մտածելակերպի հանդեպ ինձ ուղեկցում է մինչ օրս: Ես մինչև հիմա հպարտ եմ եղել, որ այս երկրի քաղաքացի եմ և հնարավորություն եմ ունեցել կիսել նրա զրկանքները, ուրախանալ պատերազմում տարած հաղթանակով ու նոր ձեռքբերումներով, և անգամ ամենածանր պահերին մտքիս ծայրով անգամ չի անցել լքել իմ հայրենիքը կամ որևէ կերպ շահարկել իմ ազգային պատկանելությունը: Համոզված եմ, որ դա երբեք էլ տեղի չէր ունենա, եթե չլիներ այն դժբախտությունը, որն ունի մեկ անվանում “քրեականացված օրինապահ մարմինների աշխատակիցների համագործակցություն”:

Գործի նյութերն այնքան ծավալուն են, որ հնարավոր չէ այստեղ ներկայացնել բոլոր մանրամասները, առավել ևս, որ ես, օրենքով նախատեսված կարգով արդեն մոտ 2 տարի է հետևողաբար ահազանգում եմ բոլոր պատկան մարմիններին: Նշեմ միայն, որ ես ականատես եղա այն բոլոր դրսևորումներին, որոնք բնորոշ էին Ստալինյան բռնապետության տարիներին և մեթոդաբանությանը: Ես վկա գտնվեցի քաղաքացիական շորերով, առանց որևիցե համապատասխան լիազորությունների, մարդկանց ներխուժմանը մեր տուն և անկողնում պառկած իմ ամուսնուն զենքով սպառնալիքին: Իմ իսկ տանն ինձ մեկուսացրին, անարգեցին, սպառնալիքների ներքո տակնուվրա արեցին մեր բնակարանը` թույլ չտալով անգամ հարևանների ներկայությունը: Հետո ես տեսա, թե ինչպես թղթի վրա սուտն օրենքի ուժ է ձեռք բերում: Տեսա իմ ամուսնուն բաժանմունքում ծեծի ենթարկվելուց և կարդացի քննիչի կողմից հորինված այնպիսի ստերը, որոնց մասշտաբին կնախանձեր անգամ տխրահռչակ պրն. Գեբելսը: Ավելի ուշ արդեն դատարանի դահլիճում ես տեսա իմ ամուսնու ընկերոջը, որն ամրակազմ տղամարդուց վերածվել էր համարյա խուլ հաշմանդամի: Կյանքում առաջին անգամ ներկա գտնվեցի դատական նիստերին, որոնք թատերականացված բեմադրություն էին հիշեցնում և ոչ մի ընդհանուր բան չունեին արդարադատություն ասվածի հետ: Այնուհետ կես ժամ տևողությամբ վերաքննիչ քրեական դատարանի նիստի ժամանակ զարմանքով լսեցի դատավորի այն կարծիքը, որ նախկինում դատապարտված անձը չպետք է վախենար ծեծի ու բռնության այդ մթնոլորտից, որին բախվել է ոստիկանության բաժանմունքում: Եվ անգամ, երբ իմ ամուսինը հայտարարեց, որ ականատես է եղել սպանության այդ նույն բաժանմունքում, դատավորը պարզապես խորհուրդ տվեց նրան դիմել ոստիկանություն: Այդ ամենի հետևանքը եղավ 37թ.-ի ռեպրեսիաներին բնորոշ, առանց վկաների և իրեղեն ապացույցների հաշվեհարդար որոշումը, որը, ցավոք սրտի, կայացվեց հանուն Հայաստանի Հանրապետութան: Իսկ պատկան մարմիններն իրենց հերթին դրսևորեցին հայտնի Կոզանոստրայի սկզբունքը` ամեն ինչ իմացան, տեսան, լսեցին, սակայն նախընտրեցին լինել կույր, խուլ և համր: Փոխարենն իրենց անգործությունն արդարացնելու նպատակով ինձ ներքաշեցին անվերջանալի թղթաբանական կարուսելային շրջապտույտ, քանզի ակնհայտ է, որ այն, ինչ կարողացել է վերծանել սահմանափակ հնարավորություններով, առանց համապատասխան իրավաբանական կրթության գյուղաբնակ կինը, պետք է որ հասու լիներ պաշտոնյա իրավաբան օրինապահներին:

Ինչևիցե, ես արդեն համոզված եմ, որ Արմավիրի մարզային դատախազությունում, Վաղարշապատի ոստիկանության բաժանմունքում և ընդհանուր իրավասության դատարանում գործում է փոխկապակցված հանցավոր միավորում, որը վայելում է էլ ավելի բարձրաստիճան հովանավորություն, և վստահ եմ, որ ես այդ կլանի, անշուշտ, միակ զոհը չեմ: Լինելով միայնակ և անպաշտպան կին և վախենալով հետագա վրեժխնդրության դրսևորումներից` ես ստիպված եմ լքել իմ հայրենիքը: Երբեք, ոչ ոք  և ոչինչ չի կարող ինձ ստիպել մոռանալ իմ վերապրածը և չխոսել այդ մասին: Զրկված լինելով նյութական միջոցներից` ստիպված եմ դա անել ոտքով, ուստի հայցում եմ Ձեր գրավոր թույլտվությունը` երկիրը լքելու վերաբերյալ: Չունենալով մեկ այլ վայրում որևէ հարազատ կամ բարեկամ` դիմում եմ նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին` ինձ ապաստարան տրամադրելու և հնարավոր արյունակից ազգականների որոնման հարցում օգնության խնդրանքով:

Խորին հարգանքով

ներկայումս հպարտությամբ Հայաստանի

և միգուցե հետագայում, ցավոք սրտի,

մեկ այլ երկրի քաղաքացի

Լուսինե Մնացականյան»

Tekali Taxi