Home / Հայաստան / Դանիելյանն ու Մկրտչյանը հաղթանակներ տարան Եվրոպայի առաջնությունում

Դանիելյանն ու Մկրտչյանը հաղթանակներ տարան Եվրոպայի առաջնությունում

Թբիլիսիում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց առաջնությունում երեկ կայացան 8-րդ տուրի հանդիպումները, որոնք հաջող ընթացք ունեցան Հայաստանի հավաքականի երկու առաջատարների Էլինա Դանիելյանի և Լիլիթ Մկրտչյանի համար:

Մկրտչյանը սև ֆիգուրներով հաղթեց վրացուհի Միրանդա Միկաձեին, իսկ Էլինա Դանիելյանը նույնպես սևերով Հունգարիան ներկայացնող Հոանգ Տհան Տրանգին:

Հայաստանցի շախմատիստներից հաղթանակներ տարան նաև Նելլի Աղինյանը, ով սևերով պարտության մատնեց վրացուհի Նանի Ունապկոշվիլիին և Մարիա Գևորգյանը, ով նույնպես սև ֆիգուրներով պարտության մատնեց մեկ այլ վրացուհի Թամար Խմիադաշվիլիին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների անհաջող հանդես եկան. Լիլիթ Գալոյանը պարտվեց Շոտլանդիան ներկայացնող Կետեվան Արախամիա-Գրանտին, Լիա Մարտիրոսյանը` անգլիացի Յովանկա Հուսկային, Աննա Հայրապետյանը` լեհաստանցի Կարինա Շչյեպկովսկա-Հորովսկային, Սիրանույշ Ղուկասյանը` վրացուհի Մադոնա Բոկուչավային, իսկ Անահիտ Խառատյանը իտալուհի Օլգա Զիմինային:

Այսօր կայանալիք 9-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում են լիտվացի Վիկտորիա Կմիլիտեն և վրաստանցի Բելա Խոտենաշվիլին, ովքեր հավաքել են 6,5 միավոր: 7 շախմատիստուհի, այդ թվում` Էլինա Դանիելյանն ունեն 6 միավոր, սակայն Հայաստանի ներկայացուցիչը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Լիլիթ Գալոյանը 5 միավորով 21-րդ տեղում է, նույնքան միավոր է վաստակել Լիլիթ Մկրտչյանը և այս պահին զաբղեցնում է 27-րդ հորիզոնականը:

Մեր մյուս շախմատիստուհիները դուրս են լավագույն հիսնյակից:

Այսօր Էլինա Դանիելյանը կխաղա ռուսաստանցի Տատյանա Կոսինցևայի, Լիլիթ Գալոյանը` ուկրաինուհի Մարիա Մուժիչուկի, Լիլիթ Մկրտչյանը` Չեխիայի ներկայացուցիչ Կատերինա Նեմցովայի հետ:

Tekali Taxi