Home / Հայաստան / ԱԺ պատգամավորները խուսափել են գնահատական տալ Սաշիկ Սարգսյանի պահվածքի վերաբերյալ

ԱԺ պատգամավորները խուսափել են գնահատական տալ Սաշիկ Սարգսյանի պահվածքի վերաբերյալ

Երեկ խորհրդարանում իշխող կոալիցիայի պատգամավորները խուսափում էին գնահատական տալ Հանրապետական կուսակցության պատգամավոր Սաշիկ Սարգսյանի հայհոյանքների ու «Հրապարակ» օրաթերթի լրագրող Մարինե Խառատյանի նկատմամբ հարձակման առթիվ, տեղեկացնում է «Հրապարակը»:

«Երեկ բարձրացանք ԱԺ նախագահի ընդունարան ու այնտեղ դիմեցինք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, փորձելով պարզել, թե որպես ԱԺ նախագահ ու հանրապետական, ինչպես է գնահատում, որ Հայաստանի խորհրդարանում ԱԺ պատգամավորը հայհոյում ու հարձակում է գործում լրագրողի վրա: «Կարելի՞ է ես ճշտեմ Ձեր հարցերը, նոր պատասխանեմ: Եղե՞լ է այդպիսի դեպք, ինչո՞ւ է պատահել, ո՞նց է պատահել: Դուք հիմա ասում եք միակողմանի և ուզում եք ես գնահատեմ»,- ի պատասխան`ասաց Հովիկ Արգամիչը: «Այսինքն Դուք լրագրողին չեք հավատում»,-եզրակացրինք մենք: «Ես բոլորին էլ հավատում եմ, բայց կարելի՞ է ես կարծիք հայտնեմ: Տեղեկանամ դեպքի մանրամասների մասին, նոր հայտնեմ իմ կարծիքը»,-հայտարարեց ԱԺ նախագահը:

Հովիկ Աբրահամյանն անհետացավ իր սենյակի դռների հետևում, ու չնայած բավական ժամանակ սպասեցինք, այդպես էլ որևէ արձագանք չեղավ:

Ապա մոտեցանք ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանին`հարց ուղղելով, թե ինչպես է գնահատում պատգամավորի հարձակումն ու հայհոյանքները: «Դուք ինքնապաշտպանությա՞մբ եք զբաղված»,- հարց ուղղեց պատգամավորը և դրական պատասխան լսելուց հետո հայտարարեց. «Ես կարծում եմ`Դուք սահմանված կարգով կարող եք դիմել դատարան: Իրավունքները պաշտպանելու այլ ձև մարդկությունը դեռ չի մտածել»: Այսինքն, պատգամավորներին կարգի հրավիրելու, էթիկայի նորմերը  պահպանել տալու այլ ձև, քան նրանց դատարան քարշ տալն է` չկա:

Սաշիկ Սարգսյանին վերաբերող հարցից առավել զգուշացավ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը`հայտարարելով. «Ինձ չմոտենաք, ես զբաղված եմ»:

Tekali Taxi