Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը Բուզեկին պատմել է լեգիտիմ իշխանության ձևավորման անհրաժեշտության մասին

Տեր-Պետրոսյանը Բուզեկին պատմել է լեգիտիմ իշխանության ձևավորման անհրաժեշտության մասին

Մայիսի 18-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ: Այս մասին ասված է Կոնգրեսի մամուլի հաղորդագրության մեջ:

Զրույցի ժամանակ կարևորվել է Եվրամիություն – Հայաստան համագործակցությունը և դրա խորացման անհրաժեշտությունը, հավատարմությունը համամարդկային արժեքներին` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ազատ շուկայական տնտեսություն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել վերջին շրջանում Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացներին, մասնավորապես ընդդիմության և իշխանության միջև երկխոսության ծավալման հնարավորությանը, որը ստեղծվում է Հայ Ազգային Կոնգրեսի բարձրացրած 3 պահանջների բավարարման հետևանքով:

Առաջին նախագահը հանգամանալից ներկայացրել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, կոռուպցիայի դեմ վճռական պայքար մղելու կենսական անհրաժեշտությունը և ընդգծել, որ երկիրը քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու միակ միջոցը արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորումն է:

Մանրամասնորեն քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:

Tekali Taxi