Home / Հայաստան / Հաղթանակած «Պորտուի» մարզիչը շնորհակալություն է հայտնել Մուրինյոյին և Գվարդիոլային

Հաղթանակած «Պորտուի» մարզիչը շնորհակալություն է հայտնել Մուրինյոյին և Գվարդիոլային

Մայիսի 18-ին Դուբիլինում կայացավ Եվրոպայի Լիգայի պորտուգալական եզրափակիչը, որում ուժերը չափեցին «Պորտուի» և «Բրագայի» ֆուտբոլիստները:

«Պորտուն» խաղի միանշանակ ֆավորիտն էր համնարվում, սակայն հանդիպումը հեշտ չստացվեց ավելի աստղային կազմ ունեցող թիմի համար: Դեռևս հանդիպման մեկնարկային րոպեներին «Բրագան» ստեղծեց իր առաջին վտանգավոր պահը, սակայն Կուշտոդիուն շեղ հարվածեց: Առաջին խաղակեսի ընթացքում «Պորտուին», այնուամենայնիվ, հաջողցվեց տիրել տարածքային և խաղային առավելությանը, ինչն էլ նյութականացվեց 44-րդ րոպեին: Կոլումբիացի Ֆրեդի Գուարինը գեղեցիկ փոխանցում կատարեց տուգանային հրապարակ իր հայրենակից Ռադամել Ֆալկաոյին, և վերջինս իր սիրված ոճով` գլխի ուժեղ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Ի դեպ, այս գնդակն ամրապնդեց ՈՒԵՖԱ-ի գավաթի/Եվրոպայի Լիգայի Ֆալկաոյի ռմբարկուական նոր ռեկորդը. Կոլումբիացին այս մրցաշրջանում 17 գնդակ խփեց, մինչդեռ նախորդ ռեկորդը պատկանում էր լեգենդար գերմանացի հարձակվող Յուրգեն Կլինսմանին, ով 1995/1996 մրցաշրջանում 15 գոլի հեղինակ էր դարձել:

Երկրորդ խաղակեսի սկզբում «Բրագայի» մարզիչ Դոմինգուշ Պասիենսիան երկու փոփոխություն կատարեց, և դրանք կարող էին աշխատել արդեն իսկ խաղակեսի առաջին րոպեին: Մոսոռոն մեն-մենակ դուրս եկավ մրցակցի առջև, սակայն նրա հարվածից հետո դարպասապահ Էլտոնը փրկեց իր թիմին: Ընդհանուր առմամբ, երկրորդ խաղակեսն անցավ հավասար պայքարում, սակայն ավելի բարձրակարգ «Պորտուն» պահպանեց հաղթական հաշիվը: Ի դեպ նշենք, որ այս թիմի դարպասապահ Էլտոնի համար սա կրկնակի տոն էր. բրազիլացին նշում էր իր 33-ամյակը:

«Պորտուի» մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը, ում արդեն սկսել են համեմատել իր հայրենակից Ժոզե Մուրինյոյի հետ, խաղից հետո նշել է, որ շնորհակալ է ոչ միայն ֆուտբոլիստներին, այլ նաև ակումբի ողջ անձնակազմին և երկրպագուներին, ինչպես նաև Ժոզե Մուրինյոյին, սըր Բոբբի Ռոբսոնին և Խոսեպ Գվարդիոլային. այս մարզիչները ոգեշնչել են Վիլաշ-Բոաշին իր աշխատանքի ընթացքում:

Tekali Taxi