Home / Հայաստան / ՀԱԿ-ի ակտիվիստները Աջափնյակի բնակիչներին իրազեկեցին հանրահավաքի մասին

ՀԱԿ-ի ակտիվիստները Աջափնյակի բնակիչներին իրազեկեցին հանրահավաքի մասին

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի Աջափնյակի երիտասարդները անցկացրեցին իրազեկման երթ` Աջափնյակ համայնքի բնակիչներին տեղեկացնելով մայիսի 31-ին Ազատության հրապարակում կայանալիք Կոնգրեսի հանրահավաքի մասին:

«Այսօր առաջին անգամ Աջափնյակի երիատասարդները որոշել են ակցիա անցկացնել իրազեկման տեսքով: Մենք իրազեկում ենք և կոչ ենք անում ժողովրդին ակտիվորեն մասնակցել մայիսի 31-ի հանրահավաքին, և հատկապես կոչ ենք անում մասնակցել  այն մարդկանց, ովքեր անտարբեր են և որոնց ոչինչ չի հետաքրքրում:

Մենք  կոչ ենք անում նրանց դուրս գալ փողոց և պահանջել ու պայքարել իրենց իրավունքների, Հայաստանում  սահմանդրական կարգի վերականգնման համար», – լրագրողների հետ զրույցում նշել է Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներից Գևորգ Գևորգյանը:

Երթն անցավ Հալաբյան և Մարգարյան փողոցներով: Երիտասարդները, հասնելով Գևորգ Չաուշի արձանի մոտ, կանգնեցին և սկսեցին վանկարկել Շարժման կարգախոսները, ապա շարժվեցին դեպի Աջափնյակ համայնքի այլ փողոցներ:

Երթի ընթացքում մի քաղաքացի, ով բահով գործ էր անում, հարձակվեց երիատասրդների վրա և պահանջեց լռել, այնուհետև բահը ձեռքին հարձակվեց երթը լուսաբանող լրագրողների վրա` բղավելով, թե ինչու են իրեն նկարում, երբ իրեն չեն հարցրել:

Բացի վերոնշյալ միջադեպից, երթն անցավ առանց խնդիրների և ավարտվեց Կոնգրեսի Աջափնյակի գրասենյակի մոտ:

«Այսօրվա ակցիան ցույց է տալիս, որ այս փուլում, երբ իշխանությունները ջանք չեն խնայում ժողովրդին համոզելու համար, որ ինչ-որ գաղտնի երկխոսություն է  սկսվել իշխանությունների և ընդդիմության մեջ ու ժողովրդին խաբելու և այլն, և այլն, սակայն, ի հեճուկս այդ հայտարարությունների և քարոզչության, մեր երիտասարդական ռեսուրսը մեծ քայլերով մեծանում է և այսօրվա Աջափնյակի ակցիան դրա վառ ապացույցն է, որ մայիսի 31-ին մենք ունենալու ենք երեք տարվա մեջ ամենամեծ երիտասարդական ռեսուրսը և պատրաստ ենք լինելու յուրաքանչյուր զարգացման: Նշեմ նաև, որ  մարզային տարածքային կառույցների  հետ հանդիպման արդյունքն է նաև սա», – լրագրողների հետ զրույցում ասել է ակտիվիստ Սարգիս Գևորգյանը:

Tekali Taxi