Home / Հայաստան / Սեքսուալ հեղափոխությունը իբրև քաղաքացիական հասարակության ձևավորման երաշխիք

Սեքսուալ հեղափոխությունը իբրև քաղաքացիական հասարակության ձևավորման երաշխիք

«Փոքր Խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի «Մշակութային հեղափոխություն» թեմայի քննարկման շրջանակներում  մշակութաբան, հասարակական ակտիվիստ Անի Ասատրյանը ներկայացրել է «Սեքսուալ հեղափոխությունը իբրև քաղաքացիական հասարակության ձևաորման գլխավոր երաշխիք» զեկույցը: Բանախոսը դիտարկել է մարդու անձնական, մարմնական, սիրային, ինտիմ, սեքսուալ ազատությունը իբրև անձի քաղաքական և հասարակական բոլոր ազատությունների նախապայման.

«Մինչև ես չունենամ մարդու ԲՆԱԿԱՆ վիճակ համարվող՝ սիրելու տարբերակն ու ձևը ԸՆՏՐԵԼ, ես չեմ կարող կատարել սեփական ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ հասարակական-քաղաքական ոլորտում: Ես չեմ կարող դեմ լինել քաղաքական ստվերային մշակույթին այնքան ժամանակ, մինչև հասարակական պարտադրված էթիկայի դիկտատուրան ստիպում է իմ բնական ցանկությունները իջեցնել ստվերային դաշտ: Եթե մի կին, չի կարողանում ըմբոստանալ իր հոր, եղբոր, ամուսնու դեմ, ապա ինչ քաղաքական կամ սոցիալական ըմբոստություն կարելի է սպասել նրանից: Անհրաժեշտ է խուսափել անհատների համար կենսակերպի մոդել «մշակել-թելադրելուց»: Ձևավորել սեռական հարաբերությունների նկատմամբ իրական պատկերացում՝ խուսափելու համար դրա ապրանքային ու նպատակային ընկալումներից», – իր ելույթի հիմնական գաղափարները ներկայացրել է Անի Ասատրյանը

Իր համազեկույցում հրապարակախոս, արվեստագետ Արման Գրիգորյանը նշել է. «Ցանկացած հեղափոխություն՝ լինի դա տնտեսական, տեխնիկական, սեռական և այլն արվում է նրա համար, որ մարդը համապատասխանի իր սահմանմանը՝ կամքի ազատություն ունեցող էակի, լինի այն ինչ ինքը կարող է լինել: Հեղափոխությունը ինքդ քո նման լինելու հնարավորության հաստատումն է հասարակական և միջանձնական հարաբերություններում: Հետևաբար այն միշտ քաղաքական է: Այդ իմաստով Սեքսուալ հեղափոխություն տերմինը այսօր թյուրիմացություններ առաջացնող տերմին է, որովհետև շոու-բիզնեսը այն անջատել է քաղաքական հեղափոխությունից և վերածել է բիզնես պրոյեկտի: Սպառողական հասարակության մեջ ամեն ինչ վաճառվում է, իսկ սեքսը ամենից մեծ պահանջարկ ունեցող ապրանքն է: Ու եթե մենք կարողանանք մեր հանրապետությունում ապաէրոտիզացնել ու դեկոմերցյալիզացնել Սեքսուալ Հեղափոխությունը, ապա այն կդառնա իսկապես Մշակութային Հեղափոխություն, որի նպատակն է յուրաքանչյուր մարդուն դարձնել իր մարմնի սեփականատերը և պաշտպանել ապրող կյանքը բռնությունից:

Բանավեճի մյուս մասնակիցները ձևակերպեցին մոտեցում, ըստ որի՝ Սեքսուալ, ինչպես նաև Մշակութային հեղափոխությունների իմաստային դաշտը, փաստորեն, «ծածկվում է» ընթացող Սահմանադրական հեղափոխությունով, քանի որ վերջինս առաջ է բերում սահմանադրական իրավունքի գերակայությունը չգրված նորմերի ու տեղական-պատմական մշակութային արգելափակումների նկատմամբ: Սահմանադրական իրավունքը թույլ է տալիս լինել այն, ինչ ուզում ես, ընդունել մշակութային այն կերպարանք, որն ամենին ցանկալի է՝ մերժելով ցանկացած ձևի հակասահմանադրական պարտադրանք ու սահմանափակում:

Տեքստը տրամադրել է Արա Նեդլոյանը

Tekali Taxi