Home / Հայաստան / Քաղաքական գործընթացների մի փուլն ավարտվում է. Մուսինյան

Քաղաքական գործընթացների մի փուլն ավարտվում է. Մուսինյան

Այս պահին քաղաքական գործընթացների մի փուլի ավարտին ենք մոտենում, որը սկսվեց գարնանից. այն շարժվում  է Հայ Ազգային Կոնգրեսի առաջադրած կամ թելադրած օրակարգով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Նա նշել է, որ  հաջորդ կարևոր հանգրվանը կլինի մայիսի 31-ի համապետական հանրահավաքը, և իրենք մեծ վստահություն ունեն, որ այդ հանրահավաքին ներկա կլինեն իրենց պատանդ պահվող ընկերները:

Խոսելով ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին` Արման Մուսինյանն ասել է, որ ֆորմալ առումով երկխոսություն չկա: «Երկխոսություն չի եղել, այլ եղել է հրապարակային պահանջների առաջադրում և վարչախմբի կողմից այդ պահանջների ընկալունակության դրսևորում: Երկխոսություն ասելով`  նկատի ենք ունեցել պահանջների կատարումից հետո երկու կողմերի ներկայացուցիչների կողմից հանդիպումների շարք, որում ՀԱԿ-ը մասնակցելու է  մեկ օրակարգով` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում: Ինչ վերաբերում է ընտրություններին`  արտահերթ, թե հերթական, ՀԱԿ-ն օգտագործելու է  իր ամբողջ ներուժը` Հայաստանում օր առաջ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ»,- ասել է Մուսինյանը:

Նրա խոսքով` վարչախումբը ցույց է տվել, որ կատարում է իրենց պահանջները, բայց եթե հանկարծ երրորդ պահանջը, այն է` քաղբանտարկյալենրի ազատումը, չկատարվի, իրենք մայիսի 31-ին համապատասխան հայտարարություններով հանդես կգան: «Պահանջի չկատարումը կլինի անտրամաբանական քաղաքական գործընթացների տեսանկյունից, ավելին` այն կլինի վնասակար մեր պետության համար»,- եզրափակել է Մուսինյանը:

Tekali Taxi