Home / Հայաստան / «Էդ ով չի նկատում արտահերթ նախագահական ընտրությունների նախադրյալները». Փաշինյան

«Էդ ով չի նկատում արտահերթ նախագահական ընտրությունների նախադրյալները». Փաշինյան

Հեռուստատեսային եթերում իշխանական քարոզչությունը մի այսպիսի գիծ է տանում, թե արտահերթ ընտրությունների համար նախադրյալներ չկան: Այսօր Վանատուրում հավաքված հարյուրավոր մարդկանց դիմելով` հայտարարել է երեկ ազատ արձակված քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

«Ես շատ անկեղծ պիտի լինեմ. երեկվանից ինչ դուրս եմ եկել ՔԿՀ-ից, ես, բացի արտահերթ ընտրությունների նախադրյալի, ուրիշ որևէ բան չեմ տեսել դեռևս: Ես արտահերթ ընտրությունների նախադրյալը տեսել եմ «Արթիկ» ՔԿՀ-ի մուտքի մոտ, Աջափնյակի Հայ Ազգային Կոնգրեսի շտաբում, տեսել եմ երեկ Մյասնիկյանի արձանի մոտ: Էսպիսի արտահերթ ընտրությունների նախադրյալը էդ ով ա, որ չի նկատում, բոլորս նկատում ենք, ու ես համոզված եմ, որ մայիսի 31-ին Ազատության հրապարակում մենք արտահերթ ընտրությունների այնպիսի նախադրյալ կտեսնենք, որ բոլորը կհասկանան, որ Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունները այլընտրանք չունեն ուղղակի», – ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով` այսօր իշխանությունն իր սպասարկուների միջոցով տեղեկություններ է  տարածում, թե Հայ Ազգային Կոնգրեսը, ընդդիմությունը ինչ-որ գործարքի է գնում կամ ուզում է գնա:

«Մենք գործարքի կարիք չունենք, որովհետև մեր թիկունքին Հայաստանի ժողովուրդն է, մենք թելադրում ենք պայմանները, ոչ թե գործարքի ենք գնում, և մենք ասում ենք` Հայաստանի Հանրապետությունում պետք է հաստատվի ժողովրդի օրինական իշխանություն, ու էդ նպատակի համար մենք իրար հետ, ուս ուսի պայքարելու ենք մինչև վերջ: Պայքար, պայքար մինչև վերջ: Լևոն, նախագահ: Այսինքն, ամեն ինչ պարզ է չէ՞ մեր բոլորի համար»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Tekali Taxi