Home / Հայաստան / Ամուր ենք՝ նոր հոգեբանական վերափոխում իրականացնելու համար. Սերժ Սարգսյան

Ամուր ենք՝ նոր հոգեբանական վերափոխում իրականացնելու համար. Սերժ Սարգսյան

«1918 թվականի մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը պսակն էր մեր դարավոր պայքարի: Այն գոյատևեց ընդամենը երկուսուկես տարի: Եթե նկատի ունենանք, որ այս տարի սեպտեմբերին պատրաստվում ենք նշել մեր նոր անկախ պետականության 20-րդ տարեդարձը, ապա երկու և կես տարին շատ փոքր ժամանակահատված է ինչ-որ բան հասցնելու համար: Բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում այն ամենամեծ հեղափոխությունն էր, որ նոր ժամանակներում կատարվեց հայ ժողովրդի սրտում և գիտակցության մեջ: Մայիսի 28-ով հայ ժողովուրդը որդեգրում էր արժեքային նոր համակարգ` անկախություն և ժողովրդավարություն: Եթե ներկայիս Հայաստանը ժառանգորդն է առաջին Հանրապետության (իսկ դա այդպես է), ապա առաջին հերթին ժառանգորդն է այդ արժեքային համակարգի», – այս մասին ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետության օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձի մեջ:

Նա նշել է, որ մինչև 1918 թվականի մայիսի 28-ը «մենք հպատակ էինք, իսկ այդ օրը հայը հռչակվեց քաղաքացի»:

«Ազատ երկրի ազատ քաղաքացի դառնալու ճանապարհը երկար է և բարդ: Ճանապարհի դժվարությունները մենք հաղթահարում ենք մինչև այսօր, բայց սա նոր սկիզբ էր և քաղաքական ճիշտ ուղեգիծ: Հայության բոլոր հատվածներն ու ժողովրդի բոլոր խավերը պատվով բռնեցին ճակատագրական քննությունը: Դա կատարվեց մի այնպիսի պատմական պահի, երբ շատերն աշխարհում բարձրաձայն կամ իրենց մտքի մեջ արդեն խաչ էին քաշել Հայաստան երկրի և հայության վրա: Ավելին` մեզանում էլ քիչ չէին հուսահատվածները: Բայց ազգային միասնությունը փայլուն դրսևորումներ ունեցավ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում: Հայության հավաքական կամքն իսկապես հրաշքներ գործեց այդ օրերին, և մենք հիմնավոր հպարտությամբ ու երախտագիտությամբ ենք դա ասում, քանի որ մայիսյան ճակատամարտերի հերոսների կյանքով ու արյունով Հայաստանը փրկագնվեց մահվան ճիրաններից», – ասել է Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ երկրում այդ օրերին ծայրահեղ և արտակարգ իրավիճակ էր, բայց ո՛չ ժողովուրդը, ո՛չ իշխանությունները չմոռացան ամենակարևորը` անկախությունն ու ժողովրդավարությունը չեն հակասում իրար:

«Ներկայիս Հայաստանը նույնպես ապրել է ծայրահեղ իրավիճակներ և կանգնած է եղել այս հակասության առաջ: Այսօր մենք` որպես ազգ և պետություն, բավականաչափ ամուր ենք` իրականացնելու համար մի նոր հոգեբանական վերափոխում, կյանքի կոչելու նոր բանաձև` անհատի շահերն ու իրավունքները սրբազան են այնքան, որքան հավաքական-ազգային շահը: Համոզված եմ, որ իրականում չկա հակասություն, կա հասարակական որոշ շերտերի մեջ իրողությունների ոչ խորքային ընկալում միայն: Այն, ինչ պատմական հանգամանքների բերումով չհասցրեց ու չկարողացավ անել մայիսի 28-ին վերածնված Հայաստանը, չնայած իր գործադրած անկեղծ և համառ ջանքերին, պետք է կարողանա անել սեպտեմբերի 21-ին վերածնված Հայաստանը:

Ուժեղ բանակը լավ է, իսկ ուժեղ, ազատ և պաշտպանված քաղաքացիների բանակը` շատ ավելի լավ: Ազատ քաղաքացին ամենահուսալի պատվարն է թե՛ արտաքին թշնամու, թե՛ ներքին ապօրինությունների դեմ: Եթե մարդը չունի լիակատար ազատություն և իրավունքներ իր հայրենիքում, նա ումի՞ց և ի՞նչ պետք է պաշտպանի: Կարծում եմ` այս հարցը բոլորը պետք է տան իրենց:

Ազգի շահերն ու ազատությունը կարելի է ու պետք է համադրել անհատների շահերին և ազատություններին: Ամենևին էլ պարտադիր չէ, որ մեկը զոհաբերվի մյուսին: Ճիշտ հակառակը` սրանք մեկ համալիր են:

Մայիսի 28-ն այնպիսի իրադարձություն է, որ մեզ առիթ է տալիս վերաիմաստավորելու ո՛չ միայն այն, ինչ կատարվել է 93 տարի առաջ,այլև հատկապես այն, ինչ կատարվում է այսօր: Անցյալի նշանակալի իրադարձությունների թե՛ դրական, թե՛ բացասական փորձըուսանելի է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մենք բոլորս միասին և առանձին-առանձին արժանի շարունակողըլինենք մայիսի 28-ին սկիզբ դրված գործի: Եթե մինչև 1918 թվականի մայիսի 28-ը մենք և աշխարհը լսում էինք ցեղասպանություն ապրածազգի հառաչանքները, ապա այդ օրը հնչեց մի ուրիշ ձայն: Դա վերապրելու, լինելու, հավերժանալու կանչն էր, և դրա արձագանքներըսերունդների հոգիներում են», – իր շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi