Home / Հայաստան / Ղարաբաղյան կարգավորման հարցում Ֆրանսիան կարող է զիջել իր տեղը ԵՄ-ին

Ղարաբաղյան կարգավորման հարցում Ֆրանսիան կարող է զիջել իր տեղը ԵՄ-ին

Հիմա ժամանակը չէ փոխել Մինսկի խմբի ձևաչափը, քանի որ համանախագահները հավատում են, որ մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հիմնական սկզբունքների համաձայնեցումը շատ քիչ է մնացել: Նման կարծիք Trend գործակալության հետ զրույցում հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

Եթե գալիք ամիսների ընթացքում կողմերը համաձայնության չգան Հիմնական սկզբունքների շուրջ, ապա միջազգային հանրությունը պետք է լուրջ մտածի` արդյոք բանակցային ձևաչափը և ընտրված ռազմավարությունն  արդյունավետ են: Ըստ Ֆրեյզերի` նման համատեքստում Եվրամիությունն ինքնադրսևորվելու հնարավորություն կունենա:

Չորեքշաբթի Եվրամիությունը զեկույց է հրապարակել, որում, մասնավորապես, ասված է, որ ԵՄ-ը պատրաստ է մեծացնել իր ներգրավվածությունը երկարատև հակամարտությունների լուծման հարցում և ներգրավվել այն ձևաչափերում, որոնցում մինչ այդ ներկայացված չէր:

Դա կարող է ենթադրել ԵՄ-ի մուտքը Մինսկի խումբ որպես համանախագահ` Ֆրանսիայի փոխարեն, ինչև հաստատել է Ֆրեյզերը:

«ԵՄ-ի շրջանակներում իսկապես քննարկվել է այն հարցը` արժե արդյոք ՄԽ-ում Ֆրանսիայի ներկայացուցչին փոխարինել ԵՄ-ի ներկայացուցիչով: Սակայն դրա համար անհրաժեշտ է Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև մյուս երկու համանախագահների համաձայնությունը», – ասել է Ֆրեյզերը:

Փորձագետը նշել է, սակայն, որ ձևաչափի հնարավոր փոփոխությունները հնարավոր են ոչ ավելի շուտ, քան Հայաստանի ու Ադրբեջանի` հունիսին կայանալիք հանդիպումը:

Լուսանկարը` azatutyun.am-ից

Tekali Taxi