Home / Հայաստան / Ոստիկանապետը համաներումից հետո որոշակի սրում է ակնկալում

Ոստիկանապետը համաներումից հետո որոշակի սրում է ակնկալում

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը որոշակի «սրում» է ակնկալում համաներմամբ կալանավայրերից հանցագործների ազատ արձակման առնչությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք հայտարարված համաներումը չի հանգեցնի հանցագործությունների քանակի աճի, Հայաստանի  ոստիկանապետը պատասխանել է. «Կարծում եմ` որոշակի սրում տեղի կունենա: Ամեն անգամ համաներումից հետո այս պրոցեսը ընթացել է, բայց մենք հանել ենք ամբողջ կազմը, ցանկը, բոլորը կլինեն հսկողության տակ»:

Ոստիկանապետը վստահեցրեց, որ խնդիրը կլուծվի 1-2 ամսվա ընթացքում, և այն դատապարտվածները, ովքեր ազատ արձակվելուց հետո համապատասխան հետևություն չեն անի, «անպայման հետ կվերադառնան իրենց նախկին տեղերը»:

Ալիկ Սարգսյանը, սակայն, ընդգծեց, որ ոստիկանությունը չի պատրաստվում նախնական ինչ-որ քայլեր կատարել ազատ արձակվածների նկատմամբ կամ նրանց ճնշումների ենթարկել:

«Մենք նրանց ընդունում ենք մեր սովորական քաղաքացիների պես, թող ապրեն խաղաղությամբ», – ասաց ոստիկանապետը:

Համաներման որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:

Համաներման որոշմամբ օրերս կալանավայրերից ազատ կարձակվի մոտ 400 մարդ:

Tekali Taxi