Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը պարգևատրեց գիտնականներին, բժիշկներին, արվեստագետներին

Սերժ Սարգսյանը պարգևատրեց գիտնականներին, բժիշկներին, արվեստագետներին

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2010 թվականի մրցանակի շնորհման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է մրցանակներն ու շնորհավորել մրցանակակիրներին` ընդգծելով, որ նրանց գիտական և ստեղծագործական ձեռքբերումները, մեծ հաշվով, մեր երկրի ու ժողովրդի ձեռքբերումներն են: Իր շնորհավորական խոսքում նախագահը, մասնավորապես, նշել է.

«Ինձ համար ակնհայտ է, որ մրցանակներն ավելի շատ պետք են ոչ թե ստացողներին, այլ Հայաստանի հանրությանը: Արժանավոր գործերի ու մարդկանց մասին մեր հասարակության լայն շերտերը պետք է իմանան առաջին հերթին բարձր գնահատականների շնորհիվ: Մրցանակներով մենք, իբրև պետություն և հասարակություն, ի ցույց ենք դնում և վերահաստատում մեր չափանիշները, ակնկալիքները, արժեքային մեր համակարգը:

Մենք քաջ գիտակցում ենք, որ գիտնականը կամ արվեստագետը մրցանակ ստանում է կոնկրետ գործի համար, բայց որպեսզի նա այդ գործն անի, նրանից երբեմն պահանջվում է մի ամբողջ կյանք: Նա այդ թռիչքին մասնագիտորեն և հոգեբանորեն պատրաստվում է երկար ու ձիգ տարիներ, ապրում` որոնումների, հիասթափության ու ոգևորության բազում պահեր»:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հանրապետության նախագահի 2010 թվականի մրցանակին են արժանացել.

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած Ռեյմոն (Հարություն) Գևորգյանը (Ֆրանսիա)` Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրության համար և Իսրայել Վ. Չերնին (Իսրայել)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաև ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն և արժեքավոր հետազոտությունների համար,

բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Մարտին Գրիգորյանը և Արծրուն Սարգսյանը` «Ոչ գծային մոտարկումներ և Ֆուրիեի գործակիցներ» գիտական հոդվածների շարքի համար,

տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Հարություն Թերզյանը`  «Էլեկտրամեխանիկական համակարգերի մոդելավորում. թվային մեթոդներ և լուծումներ» (անգլերեն) մենագրության համար,

արվեստի բնագավառում՝ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը, Ռուբեն Խաչատրյանը, Վրեժ Պետրոսյանը, Կարեն Ծատուրյանը` «Սահման» ֆիլմի համար,

բժշկագիտության բնագավառում` Անդրանիկ Պետրոսյանը, Արմեն Վարդանյանը` «Աչքի ցանցենու պաշտպանական համակարգում տաուրինի և տաուրետի դերի բացահայտումը» աշխատանքի համար,

ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Արմեն Ներսեսյանը, Տիգրան Հակոբյանը, Վադիմ Օհանյանը, Վահագն Եղիկյանը` «Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկային առնչվող քվանտային մեխանիկայի խնդիրների ուսումնասիրություն» գիտական հոդվածների շարքի համար.

գրականության բնագավառում՝ Վարդան (Սլավիկ) Հակոբյանը` «Պոեմ իմ մասին կամ` 24-ն անց 81 րոպե» պոեմի համար.

հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Արգամ Այվազյանը` «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը» վեցհատորյակի Դ, Ե, Զ հատորների համար:

Հանրապետության նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.

Կերպարվեստի և կինոյի բնագավառում՝ Վահե Հակոբյանին` ինքնադիմանկարների շարքի համար և Սարգիս Բաբայանին` «Շարք Աստվածաշնչից» քանդակների շարքի համար:

Գրականության բնագավառում` Լիլիթ Կարապետյանին` «Նորից երկուշաբթի», «-…-Չգիտեմ», «Կոր պատմվածք», «Հենակով ստվերներ», «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների համար և Հարություն Հովակիմյանին` «Երբ մենք չաղոթեցինք» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում Հանրապետության Նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել` Արմեն Մանասյանին (դաշնամուր)`լավագույն կատարման համար:

Tekali Taxi