Home / Հայաստան / Աղմկահարույց սպանության գործ. Ծնողները պնդում են, որ իրենց տղայի վրա «բարդում են»

Աղմկահարույց սպանության գործ. Ծնողները պնդում են, որ իրենց տղայի վրա «բարդում են»

Երեկ «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է դիմել 2010 թվականի մայիսին Կոմիտաս պողոտայում կատարված 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության գործով մեղադրյալ Վռամ Բաղդասարյանի ծնողները: Վերջիններս դժգոհ են եղել, որ մամուլում միակողմանի և «ոչ ճիշտ տեղեկատվություն է» տարածվել: Խաչիկ Մկրտչյանի սպանության գործի քննության ժամանակ պաշտոնական լիազորությունները չարաշահելու միջոցով տվյալների և ապացույցների խեղաթյուրում թույլ տալու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ազատվեց աշխատանքից և կալանավորվեց: Սկզբում արյունոտ «ռազբորկայի» ժամանակ կատարված սպանությոան մեղադրյալ էր Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանի քրոջ որդին՝ Արսեն Ահարոնյանը, սակայն ամիսներ առաջ գործում շրջադարձ եղավ, ու սպանության մեղադրանք առաջադրվեց «ռազբորկայի» մասնակից Վռամ Բաղդասարյանին: Ծնողները պնդում են, որ իրենց տղայի վրա ուզում են բարդել սպանությունը, որ իրենց տղան թեև մասնակցել է «ռազբորկային», սակայն ինքը չի կատարել սպանությունը, քանի որ իր մոտ չի եղել այն զենքը, որի կրակոցից մահացել է 23-ամյա երիտասարդը: Վռամի հոր պնդմամբ՝ իր տղան փաստաբանին ասել է, որ իր մոտ ՏՏ տեսակի ատրճանակ է եղել, ոչ թե «Մակարով», որից սպանվել է Մկրտչյանը:

«Հրապարակը» փոխանցում է նաև ծնողների խոսքերը այն մասին, որ սպանությունից և Հովիկ Շահինյանի քրոջ տղայի խոստովանական ցուցմունքից ամիսներ անց Վռամին ներկայացված սպանության մեղադրանքի հիմքում Արսեն Ահարոնյանի հորեղբոր որդու՝ Հայկ Հակոբյանի ցուցմունքն է, ով թեև զինվորական է՝ Նուբարաշենի 6-րդ վաշտի հրամանատարը, սակայն «ռազբորկայի» մասնակից է եղել, նույն մեքենայի մեջ է եղել և ցուցմունք է տվել, որ վնասել է գլուխը, սակայն գործով անցնում է ընդամենը որպես վկա:

«Հիմա էլ Արսենի հարազատները սուտ ցուցմունքներ են տալիս դատարանում, թե իբր իրենց ասել են՝ Վռամն ա, իբր Հովիկ Շահինյանն ա ասել: Երևի ինքը գիտեր (Արսենը – խմբ»), որ իրա քեռին պետք է իրեն ինքնապաշտպանության հոդվածով ազատեր, բայց որ դրեցին դիտավորյալ սպանության հոդված, մտածեցին չի լինում, բարդեցին Վռամի վրա», – ասել է Վռամի հայրը՝ Սամվել Բաղդասարյանը:

Ի դեպ, Վռամ Բաղդասարյանի ծնողները նշել են, որ Հովհաննես Շահինյանը իրենց որդու հարսանիքի քավորն է եղել:

Tekali Taxi