հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՏՎԽ-ն արտահայտվել է «Ռորբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» հայցի մասին

ՏՎԽ-ն արտահայտվել է «Ռորբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» հայցի մասին

2011 թվականին ստեղծված Տեղեկատվական վեճերի խորհրուդը (ՏՎԽ), որի կազմում են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Տեղեկատվության ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը, «Ինտերնյուս-Եվրոպա»-ի տնօրեն Մանանա Ասլամազյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, իրավագետ, փաստաբան Արա Ղազարյանը, փորձագիտական եզրակացություն է կազմել «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝  ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» հայցի վերաբերյալ:

ՏՎԽ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է «Հրապարակ» օրաթերթի 12.02.2011թ. 25(695)-րդ, 22.02.2011թ. 31(671)-րդ և 12.03.2011թ. 45(685)-րդ համարներում հրապարակված վիճարկվող հոդվածները և հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը.

«Տեղեկատվական վեճերի խորհուրդը, գնահատելով վիճարկվող հոդվածները և հայցադիմումում մեջ բերված արտահայտությունները ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջների համատեքստում, գտնում է, որ «Հրապարակ» օրաթերթում հրապարակված հոդվածներն առնչվում են հանրային շահին, իսկ դրանցում առկա հայտարարությունները գնահատողական դատողություններ են և ոչ՝ փաստական տվյալներ: Հետևապես,ակնկալում ենք, որ Դատարանը կկիրառի առավել բարձր չափանիշներ արտահայտվելու ազատության միջամտության անհրաժեշտությունը գնահատելիս։

Միաժամանակ, Խորհուրդը գտնում է, որ հրապարակված որոշ գնահատողական դատողություններ չեն բխում պատասխանատու և բարեխիղճ լրագրության չափանիշներից։ Լրատվամիջոցը կարող էր նույն միտքն արտահայտել այլ, նվազ արատավորող բնույթի արտահայտություններ գործածելով։ Հետևաբար, նման պարագայում արտահայտվելու ազատության միջամտության անհրաժեշտությունը կախված կլինի դատաքննության ընթացքում պատասխանող լրատվամիջոցի ներկայացվելիք հիմնավորումներից:

Խորհուրդը գտնում է նաև, որ հայցվորի կողմից պահանջվող փոխհատուցման չափը չի բխում արտահայտվելու ազատության միջամտության համաչափության պահանջից, ենթադրաբար գերազանցում է գործում ներգրավված լրատվամիջոցի եկամուտները, ինչպես նաև փաստաբանական ծառայությունների դիմաց հայցվորի պահանջած վարձատրությունը ակնհայտորեն չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ առաջադրվող խելամտության պահանջին»:

Հիշեցնենք, որ «Հրապարակի» հիմնական խնդրո առարկա հոդվածը կոչվում է  «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ»:

Ռոբերտ Քոչարյանը «Հրապարակ» օրաթերթից պահանջում է 6 մլն դրամ փոխհատուցում` պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: